4 կողմից խփում էին մեր գյուղի վրա, 3 վիրավոր տվեցինք, 1 զոհ, բեկորը մտել էր 12-ամյա տղայի թոքի մեջ․ Արցախի Բերքաձորի գյուղապետ

Օկուպացված Արցախի Հանրապետության Բերքաձոր գյուղի գյուղապետ Զարինե Մեքիյանը Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում պատմեց, թե 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած 44-օրյա պատերազմի ժամանակ ինչ իրավիճակ էր գյուղում։

«Այդ դաժան պատերազմի միջոց անցա որպես համայնքի զեկավար։ Պատկերացնում էինք, որ 2016 թվականի նման կարճ կտևի, որվհետև մենք սպասում էինք ամենալավին։ Այնպիսի տրամադրություն էր, որ մենք կհաղթենք։ Հաղթանակի ուժն էր խոսում։ 2020 թվականին մեկ շաբաթով եմ դուրս եկել։ Երեխաներին բերեցի, այնուհետև մեծ տղայիս հետ, քանի որ 18 տարին լրացել էր, զորակոչի ենթակա էր, նորից վերադարձա ու ամեն ինչի միջով անցանք»,-ասաց նա։

Նա ընդգծեց, որ 2020 թվականի դեկտեմբերի 1-ին Բերքաձորի բնակիչները վերադարձել են իրենց տները, բոլորը։ Համայնքն ընդունել է նաև տարհանված 35 ընտանիք։

«Համակերպվելով դաժան ճակատագրի հետ՝ մենք ուժ գտանք ու սկսեցինք ապրել նախկին կյանքով։ Թշնամին շատ մոտ էր, բայց միևնույն է, չկար վախ։ Հետ վերադարձանք այն նպատակով, որ մեր հողի վրա պետք է ապրենք, պայքարենք։ Մարդիկ սկսեցին իրենց կյանքը նորից՝ չնայած դժվար պայմաններին»,-նշեց տիկին Զարինեն։

Մեր զրուցակցի խոսքով՝ նույնիսկ ապօրինի շրջափակման ինը ամիսներն իրենց չէին ընկճել։

«Համայնքում տարածքներ կային, մարդիկ մշակում էին։ Կարտոֆիլ կար, խոշոր եղջերավոր անասուններ կային, թեկուզ քիչ, բուսաբուծությամբ էինք զբաղվում, մեղվաբուծությամբ։ Ձեթի, հացի, ցորենի խնդիր կար, պանրի խնդիր կար։ Դժվար է եղել, բայց մենք դրան էլ ենք համակերպվել։ Մենք մեր Արցախ հողին կառչած էինք, չէինք ուզում բաց թողնել մեր հողը, պայքարում էինք»,-պատմում է Բերքաձորի համայնքապետը։

Նա հիշում է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ինքը համայնքապետարանում է եղել, երբ թշնամին ակսել է հերթական ագրեսիան։

«Միանգամից սկսվեց, տարբեր կողմերից։ Առաջինը լսվեց Շուշիի կողմից, նաև Ակնայի կողմից էր ձայներ գալիս, կարծես՝ այդ արկերը մեր համայնքի վրա էր ընկնում։ Առաջին արկն ընկավ մեր համայնքի բնակելի շենքի վրա, տեղում երեք վիրավոր տվեցինք, կապն ընդհատվեց։ Մեր գյուղի տղաները տների հանեցին ժողովրդին։ Այդ րոպեներին չէի կարողանում ո՛չ վարչակազմի ղեկավարի հետ կապվել, ո՛չ քաղպաշտպանության պետի հետ, բայց րոպեներ անց իրենք կապվեցին ու ասացին, որ նորից լայնածավալ պատերազմ է սկսվել։ Ներկայացրեցի, որ համայնքի վիճակը շատ լուրջ է, որովհետև չորս կողմից խփում էին մեր գյուղի վրա, բնակելի տներ էր փլվել։ Կապվեցի Ստեփանակերտի քաղաքապետի հետ, ասացինք, որ վիճակը շատ լուրջ է, քաղպաշտպանության պետն էլ զանգեց, ասաց՝ երեք ավտոբուս ենք տրամադրում, բնակիչներին հանեք։ Սեպտեմբերի 19-ին դուրս եկանք, որովհետև թիրախը մեր գյուղն էր, մի քանի ռազմական օբյեկտ կար գյուղում»,-ասաց Զարինե Մեքիյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։

Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․

Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]

Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։

 Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել