Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Լուսինե Պողոսյանը Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում ասաց, որ տեղահանվել է Ասկերանի շրջանի Իվանյան համայնքից։
Նա նշում է, որ Արցախի ապօրինի շրջափակումից ի վեր ամեն օր սպասել են, որ ճանապարհը կբացվի և ամեն ինչ լավ կլինի։
«Ձգձգվեց ու Արցախում առաջացավ հումանիտար ճգնաժամ։ Գրեթե սպառվել էր սնունդը, դեղորայքը, վառելիքը։ Ընդհատվեց գազամատակարարումը, էլեկտրաէներգիան հովհարային անջատումներով էր։ Չնայած այդ ամենին՝ մենք հաստատակամ էինք, պատրաստ էինք դիմադրել, պայքարել, կրել զրկանքներ հանուն մեր զոհված տղաների հիշատակի, հանուն նրա, որ Արցախը մնա հայկական, որ ապրենք մեր հողում։ Թեկուզ ապագան անորոշ էր ու մշուշոտ, բայց սպասում էինք, որ ինչ որ մի լույս կբացվի։ Ցավոք շրջափակումն ավարտվեց սեպտեմբերի 19-ով»,-ասում է Լուսինեն։
Նա հիշում է, որ երբ թշնամին սկսեց հերթական ագրեսիան Արցախի դեմ, ինքը մտածել է, որ զորավարժություն է սկսվել։
«Երեխաները դպրոցում էին, երբ ձայները շարունակվեց, հասկացա, որ պատերազմ է, վազելով գնացի դպրոց, ուսուցիչները նրանց տեղափոխել էին նկուղ։ Գնացի, փնտրեցի երեխաներին նկուղում, այդ տեսարանն ահավոր էր, կիսասոված երեխաներ, սթրեսի մեջ, վախեցած։ Մենք օր ու կես մնացինք նկուղում, երբ ասացին, որ հրադադար է, երեխաներիս և ծնողներիս վերցրեցի, ետ վերադարձա տուն։ Սկսեցի հավաքել երեխաների հագուստը, անհրաժեշտ իրեր ու սպասեցի ինչ-որ պաշտոնական հայտարարության։ Մի քանի օր անորոշ սպասեցինք, հետո ասացին, որ ավտոբուսներ են հատկացնում՝ մարդկանց Հայաստան տեղափոխելու համար։ Հասկացա, որ պետք է լքենք Արցախը։ Սեպտեմբերի 25-ի առավոտյան ծնողներիս, երեխաներիս վերցրեցի և բռնեցինք գաղթի ճանապարհը։ Այդ դժոխային ճանապարհն անցանք մեկ ու կես օրում»,-պատմում է մեր զրուցակիցը։
Լուսինեն նշում է, որ Արցախում է թողել իր մանկությունը, հիշողությունը, գերեզմաններ ու ապագա․ «Արցախից բերել եմ միայն մեր տան բանալիները։ Սովորության համաձայն փակեցի դուռը՝ հետ վերադառնալու ակնկալիքով»։
Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև ադրբեջանական կողմի առաջարկած վերաինտեգրմանը։
«Ադրբեջանցիների հետ միասին ապրելն անհնար է։ Այսքան զոհերից հետո՝ առավել ևս, ոչինչ չի մոռացվի։ Ընդհուպ նաև բացառվում է ինչ-որ մի երկրի երաշխավոր լինելու դեպքում, քանի որ 2020 թվականին ռուս խաղաղապահների երաշխավորությամբ մենք հետ վերադարձանք Արցախ, բայց, կարելի է ասել՝ հենց Ռուսաստանի թույլտվությամբ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ Կարծում եմ՝ եթե Ռուսաստանը ցանկանար, կարող էր զսպել Ադրբեջանին և գուցե այլ լիներ»,-ասաց նա։
Լուսինեի խոսքով՝ ինքն ընդհանրապես ակնկալիք չունի միջազգային հանրությունից։
«Դրանում համոզվել եմ շրջափակման ընթացքում, երբ քաղաքակիրթ աշխարհը լուռ հետևում էր Արցախի շուրջ զարգացումներին և Ադրբեջանը կարող էր անտեսել այդ նույն միջազգային հանրության կողմից ընդունված և բանաձևերը և կոչերը։ Հայտարարություններն անտեսելով՝ ընդհուպ Հաագային միջազգային դատարանի որոշումն անտեսելով՝ Ադրբեջանը հասավ իր նպատասկին։ Ոչ մի ակնկալիք չունեմ»,-ասաց Լուսինեն և ընդգծեց, որ այն ինչ տեղի ունեցավ Արցախում ցեղասպանություն էր։
Նրա խոսքով՝ իրենք բռնի տեղահանվել են ցեղասպանության վտանգի պատճառով։
«Մեկ օրում այդքան զոհեր, դա ցեղասպանություն է։ Ստեփանակերտում ահավոր էր, մարդիկ փնտրում էին իրենց հարազատներին, ամենուր զոհեր էին։ Անորոշ էր, չէինք հավատում, որ երբևէ կարող ենք լքել Արցախը։ Այդպես անորոշ, բայց սպասում էինք ինչ որ լավ լուրի»,-ասում է Լուսինեն։
Հարցին, թե արդյոք կցանկանար հնարավորության դեպքում դիմել Միջազգային քրեական դատարան` Ալևին, որպես պատաերազմի հանցագործ քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով, նա նշեց, որ հանցագործները միանշանակ պետք է պատասխանատվության ենթարկվեն։
«Ոչ միայն Ալիևը, այլ բոլոր մեղավորներն այս ցեղասպանության պետք է ենթարկվեն պատասխանատվության, նրա համար, որ ապագայում կանխվի այս ցեղասպանության կրկնությունը»,-հավելեց Լուսինեն։
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։
Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․
Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]
Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։
Հասմիկ Սարգսյան