Արսեն Թորոսյանն առաջարկել է ՀՀ-ում ամուսնության տարիքային շեմը բարձրացնել

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած քննարկումների ժամանակ առաջարկել է ամուսնության տարիքային շեմը բարձրացնել՝ այն հասցնելով ընդհուպ մինչև 21 տարեկանի:

Նա նաև առաջարկել է բարձրացնել չափահաս համարվելու տարիքը: Իր առաջարկներն Արսեն Թորոսյանը հիմնավորել է մի շարք փաստերով և հանգամանքներով, ընդգծել հանրության շրջանում առկա մի շարք կարծրատիպեր կոտրելու անհրաժեշտությունը:

Հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանը հավելել է, որ վաղ ամուսնությունները խնդիրներ են առաջացնում անձանց համար ե՛ւ կրթական, ե՛ւ առողջապահական, ե՛ւ սոցիալական իմաստներով:

Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ՀՀ իրավասու օղակների, եզդիական համայնքի, ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահի տեղակալը նշել է, որ ամուսնության տարիքի շեմի բարձրացման նպատակով նախատեսել է օրենսդրական փոփոխությունների գործընթաց սկսել: Հարցի առնչությամբ աշխատանքները սկսվել են դեռեւս յոթերորդ գումարման Ազգային ժողովում աշխատելիս: Նրա խոսքով եզդիական համայնքում խնդիրները մեծ են հատկապես վաղ ամուսնությունների հետ կապված:

Նշենք, որ գործող օրենսդրությամբ ամուսնության տարիքը Հայաստանում 18 տարեկանն է: Անձը կարող է ամուսնանալ նաեւ 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը: Անձը կարող է ամուսնանալ նաեւ 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը եւ ամուսնացող մյուս անձն առնվազն 18 տարեկան է:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ վաղ ամուսնությունների դեպքում առաջացող խնդիրներից մեկը լիարժեք կրթություն չստանալն է:

«Վաղ ամուսնություն ունենալու դեպքում միանշանակ խաթարվում է երեխաների ոչ միայն առողջության, այլեւ նրանց հետագա կյանքում հաջողությունների հասնելու հնարավորությունը»,- ընդգծել է փոխնախարարը՝ կարեւորելով օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը:

«Շատ կարեւոր է, որ թե՛ ընտանիքների, թե՛ երեխաների գիտակցության մեջ կարողանանք ձեւավորել ճիշտ մոտեցում, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ վաղ ամուսնությունն իրենց հետագա կյանքի վրա»,- ասել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել