Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Անյա Ավանեսյանը Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում պատմեց Արցախի շուրջ ինը ամիս շրջափակման մասն։
«Ոչ մի բան չկար, խանութներից ամեն ինչ հավաքել էին։ Ինչ ունեինք առած՝ դրանով յոլա էինք գնում։ Դրանից հետո շաքարի կիլոգրամը դարձավ 3000 դրամ, ձեթը 12․000 դրամ։ Ամեն ինչ թանկ, բերում էին այստեղից-այնտեղից, վաճառում էին։ Մենք էլ փոքր երեխա ունենք, ստիպված առնում էինք, որ սոված չմնան։ Մեկ բակ բենզինը 70 հազար դրամ արժեր։ Մեկ-մեկ մի քիչ առնում էինք, որ երեխաները հիվանդանան, տանենք հիվանդանոց»,-պատմեց նա։
Սեպտեմբերի 19-ի հերթական ագրեսիան նա արցունքներով է հիշում։ Իր թոռնիկի ծննդյան օրն եղել, նոր էին նշանել, խնամիների հետ հավաքվել էին, որ նշեն, բայց․․․
«Հյուրանոց ունեինք այնտեղ, հանգստի գոտի։ Գնացինք միս բան առանք գյուղերից։ Հավը պահում էինք, տավարը կար, խոզը կար։ Թոնիր էինք վառել, որ հաց թխենք։ Մեկ էլ՝ ուժեղ պայթյուն եղավ։ Առաջին խոսքս այն էր՝ տեսնես Տիգրանս ուր ա։ Դրանից հետո մի քանի անգամ այդ պայթյունը եկավ։ Տղաս «Կամազով» գնաց գյուղի մեջ, որ իմանա՝ ինչ է եղել։ Այնտեղից իրեն հետ էին ուղարել, ասել էին՝ բոլորին լցրու «Կամազով»-ի մեջ, որ բերես թաքստոց, թուրքերը հարձակվել են։ Հարսս ու էլի մի քանի աղջիկներ մնացին, որ հացը թխեն։ Ճանապարհին տեսա, որ մարդիկ են գնում, ձեռքներին պատգարակ կար, հարցրեցի, թե ինչ է եղել, ասացին՝ երկու զոհ կա, մեկ վիրավոր, գնում ենք այդ վիրավորին հանենք։ Ամբողջ գիշեր մնացինք թաքստոցում։ Ուզում էինք դուրս գալ, ասում էին՝ անօդաչուն նկարում է։ Հաջորդ օրը ասացին՝ թուրքերն արդեն մտել են գյուղ, շուտով կհասնեն գյուղամեջ։ Վերջին պահին գնացի մեր տուն։ Խոզերս իրար էին ուտում, սոված էին, գնացի իրենց կերակրեցի, հավերին ցորեն տվեցի, այն մտքին էի, որ էլի հետ եմ գալու։ Այն մտքով էի եկել, որ ոսկիս վերցնեմ։ Հետս էլեկտրական թեյնիկ եմ վերցրել ու փոքր դոշակ։ Սեպտեմբերի 24-ին դուրս եկանք»,-ասաց նա։
Տիկին Անյան պատմում է, որ իր ծանոթի տղային մորթել է թշնամին։
«Ես իմ երեխաներին հետ չեմ տանի։ Հենց վերևից ուժեց ձայն է գալիս, ծոռնիկս վազում է դռան մոտ, որ իրեն հանեն այդ սենյակից։ Թուրքի հետ ո՛չ հաշտվել կլինի, ո՛չ ապրել կլինի, նա իր գործն անում է։ Հարսիս եղբայրն է զոհվել, Եղբայրական գերեզմանում է, խոսք են տվել, որ կբերեն»,-նշեց նա։
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։
Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․
Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]
Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter
Մանրամասները՝ տեսանյութում։
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։
Հասմիկ Սարգսյան