Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, շարունակվեց Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի, քաղաքի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանի և իրավաբանական բաժնի նախկին պետ Արևհատ Հովհաննիսյանի գործով դատական նիստը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստի սկզբում Մամիկոն Ասլանյանի պաշտպան Արտակ Ոսկանյանը միջնորդեց փոխարինել Վանաձորի նախկին համայնքապետի համար ընտրված խափանման միջոցը։ 10 օրից կլրանա նրա կալանավորման 2 տարին։
Մամիկոն Ասլանյանը դատարանում հայտարարեց՝ մեղադրական կողմի պնդումը, որ ինքը կարող է ճնշում գործադրել գործով վկաների վրա, իրականությանը չի համապատասխանում։ Դա նա կարող էր անել նաև փաստաբանների միջոցով, նրան կալանքի տակ պահելը արդարացված չէ։
Իր գնահատմամբ՝ խափանման միջոցի ընտրությունն արդեն նմանվում է պատժի գործիքի․ «ԱԺ պատգամավորներ, վերացրեք էդ ֆիկցիան, ցիրկը՝ ընտրությունները, ես էլ չէի բռնվի. ինձ ինչի՞ եք խոշտանգում: 2 տարի է արդեն, հոգնում ենք արդեն ամեն ինչից։ Թե քոչելու ճամփեքա մնացե՝ քոչենք, մնալու է՝ մնանք»:
Հիշեցնենք, որ Մամիկոն Ալսանյանը մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Սուրեն Աբովյանն օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացող Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի կողմից պաշտոնական լիազորություններն անցնելուն և պաշտոնական կեղծիք կատարելուն:
Ըստ դատախազության՝ Արևհատ Հովհաննիսյանը ևս կատարել է նույնաբովանդակ արարք, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Ասլանյանը կալանքի տակ է շուրջ երկու տարի։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։




