84-ամյա Գյուլխարա Ներսեսյանը բռնի տեղահանվել է օկուպացված Արցախի Հանրապետությունից։ Նա Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում նշեց, որ Ասկերանի շրջանի Նորագյուղից է տեղահանվել։
«Բենզինի պահեստը, որ պայթել է, թոռնիկս այնտեղ է եղել, պայթյունից 30 մետր շպրտվել է։ Շատ դաժան կյանք ենք տարել։ Ճանապարհից ոտքերս կուչ էր եկել։ Գորիսում մի կին՝ Սվետան, ինձ տարավ իրենց տուն։ Մինչև հիմա զանգում է՝ էդ տատին սա՞ղ ա։ Վերջը՝ թոռնիկիս, ծոռնիկիս հետ զոռով եկել, հասել ենք այստեղ։ Այս տան տերը, Աստված պահի դրան, մենք հիմա որտեղ կլինեինք, չեմ իմանում, իմացել է, մեզ բերել է այստեղ։ Դե մենք էլ մի ձեռք հագուստ ենք վերցրել ու եկել, ոչ մի բան չենք կարողացել մեզ հետ բերել։ Ամեն ինչ թողել ենք այնտեղ։ Երեք զոհ ունեմ Արցախում։ Այդ գերեզմաններն էլ ենք թողել Արցախում»,-ասում է մեր զրուցակիցը։
Տիկին Գյուլխարան ընդգծում է, որ դաժան օրեր շատ են «քաշել»։
«Սոված ենք եղել, ծարավ ենք եղել, ոչինչ չի եղել, բայց դիմադրել ենք, ասել ենք՝ էլի դիմադրենք, որ մեր հայրենիքից չգնանք։ Ամեն ինչ թողել ենք, եկել, տեսնենք՝ ով է մեզ մի կիլո բան տալիս, որ ապրենք։ Մեր կյանքն այս ձև է։ Կյանքս կռվով է անցել։ Մեծ տղաս վիրավոր է, մարմնի մեջ ամբողջը բեկորներ են»,-ասում է նա։
Արցախցի կինն ասում է, որ աշխատանք չկա ու թե ինչ կլինի, իրենց հոգսն ով կհոգա, չգիտի։
Տիկին Գյուլխարան ներկայացնում է, թե սեպտեմբերի 19-ին ինպես թշնամին սկսեց հերթական ագրեսիան։
«Մեր դիրքերի վրա կրակում էին, ասում էին՝ տանկեր են գալիս, ժողովուրդն էլ փախնում էր, կոտորում էին, բարձունքը վերցրել էին։ Ով հասցրեց, փոքր մեքենայով, մեծ մեքենայով, դուրս եկավ։ Դե ինչ անենք, մենք էլ դուրս եկանք։ Ստիպված էինք դուրս գալ, մտել էին գյուղ։ Լաց լինելով, մեծ, փոքր․․․Այդքան կռիվ տեսանք, հայրենիքը թողեցինք, եկանք, որովհետև մեզ չեն պաշտպանել, մնացել էինք անտեր։ Եթե մնայինք, բոլորին կկոտորեին, ամեն ինչ կոչնչացնեին»,-նշեց նա։
Խսելով ադրբեջանական կողմի առաջարկած վերաինտեգրման մասին՝ մեր զրուցակիցը նշեց, որ այդքան բաներ տեսնողը նորից չի ցանկան գնալ այնտեղ։
«Իմ դուշմանն էլ մեր տեսածը տեսնա ոչ»,-ասում է նա։
Հիմա իրենք ապրում են Արևիկ գյուղում։ Ընտանիքը բաղկացած է 8 հոգուց։ Տիկին Գյուլխարայի հարսը ժենգյալով հաց է թխում։ Փորձում է վաճառել տեղի խանութներում, բայց դեռ պահանջարկ չկա։ Նաև ռուսերենի ուսուցիչ է, ասում է, որ կարող է գյուղի երեխաների հետ պարապել։
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։
Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․
Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]
Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter
Մանրամասները՝ տեսանյութում։
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։
Հասմիկ Սարգսյան