Ռուսական դասագրքերը ստուգվում են․ ՌԴ-ից արձագանքել են ՀՀ-ում ռուսերեն դասագրքերի բաշխման գործընթացի կասեցմանը

ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը հայտնել է, որ Հայաստանում դադարեցվել է  Ռուսաստանի կողմից փոխանցված ռուսերեն դասագրքերի բաշխումը դպրոցներին։

«ՀՀ Ազգային ժողովի նախաձեռնությամբ և հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերում հայ պատգամավորների բազմաթիվ դիմումների արդյունքում, Դաշնության խորհրդի ղեկավարության անմիջական աջակցությամբ, ռուսական կողմին հաջողվել էր լրացուցիչ բյուջետային միջոցներ հայթայթել՝ Հայաստանի դպրոցներին ռուսերեն ուսուցման ավելի քան 50 հազար դասագիրք ձեռք բերելու և անհատույց տրամադրելու համար»,- գրել է նա Տելեգրամի իր ալիքում։

Վորոբյովը մանրամասնել է, որ ինքը  մեծ տարակուսանքով է տեղեկացել  այն մասին, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը դադարեցրել է դասագրքերի տրամադրման գործընթացը՝ ուսումնական նյութերի փորձաքննություն իրականացնելու անհրաժեշտության պատրվակով։

«Հատկապես տարօրինակ է թվում այն փաստը, որ հայ գործընկերները անձամբ են մեզ անհրաժեշտ դասագրքերի կոնկրետ ցանկ ուղարկել։ Շատ ցավալի է, որ նման անհեռատես քաղաքական ինտրիգներից առաջին հերթին տուժում են եղբայրական հայ ժողովրդի երեխաները՝ փոքրիկ տղաներն ու աղջիկները», – գրել է Վորոբյովը։

Նա հավելել է, որ ՌԴ պատվիրակությունն այդ հարցը Բիշքեկում բարձրացրել է ՀՀ ԱԺ փոխխոսնակի մոտ։

«Հուսով ենք՝ բոլոր խոչընդոտները առաջիկայում կվերացվեն»,- հավելել է Վորոբյովը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել