Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ, այսօր՝ նոյեմբերի 14-ին, շարունակվեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության ապօրինի գույքի բռնագանձման գործով դատաքննությունը։
Փոխկապակցված անձանց ցանկում են հայտնվել՝ նրա կինը՝ Լորետա Բարսեղյանը, որդիները՝ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները, նրանց փոխկապակցված անձինք՝ Վարդան Բարսեղյանը, Մանվել Մալինցյանը, Էրիկ Համբարձումյանը, Լուսինե Բարսեղյանը և Նորայր Մնացականյանը: Հայցադիմումը շուրջ մոտ 20 միլիարդ դրամ արժեքով ապօրինի ծագման գույքերն ու ակտիվները բռնագանձելու պահանջով է։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այսօրվա դատական նիստի ընթացքում Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը հայցի հիմքն ու առարկան փոխելու միջնորդություն ներկայացրեց, որով առաջարկվում է 3-րդ անձի կարգավիճակ ստացած Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին դուրս հանել գործից, քանի որ կոմբինատը վերադարձրել է Սուրիկ Խաչատրյանի 2 միլիարդ դրամը։
Բացի դրանից, միջնորդության բավարարման դեպքում կավելացվի Սուրիկ Խաչատրյանից բռնագանձման ենթակա գումարի չափը՝ դառնալով շուրջ 3 միլիարդ դրամ։ Պատասխանողների ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը նշեց, որ միջնորդության դեմ մասնակի առարկում է։ Փաստաբանը նշեց, որ իր միջնորդության տրամաբանությունը նույն է, ինչ նախկինում դատախազի նման միջնորդությունների վերաբերյալ ներկայացրած առարկությունները․ «Միջնորդության մեջ ներկայացված հայցի առարկայով իրավասու մարմինը պահանջում է բռնագանձել այնպիսի գույքեր, որոնց բռնագանձման պահանջ նախկինում չի ներկայացվել։ Ակնհայտ է, որ այս գույքերը ուսումնասիրության ընթացքում ուսումնասիրության առարկա չեն դարձել, դրանց վերաբերյալ եզրակացության մեջ նշումներ առկա չեն»։
Գևորգ Քոչարյանը նշեց, որ ոչ նոր գույք է ավելացել, որևէ նոր հանգամանք չի ավելացել, միայն նոր պահանջ է ավելացել՝ ուսումնասիրված հանգամանքների հիման վրա․ «Ներկայացված է հայցի հիմքի և առարկայի փոփոխություն։ Այն ենթակա չէ բավարարման, եթե այդ դեպքում փոխվում է պահպանվող իրավունքը կամ շահը։ Գտնում եք, որ այս փոփոխությամբ պահպանվող շահի փոփոխությո՞ւն է տեղի ունեցել»։
Վահագն Գրիգորյանը նշեց, որ ինքն առաջնորդվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի այն տրամաբանությամբ, որ միայն ուսումնասիրության արդյունքների հիման վրա կարող է հայց ներկայացվել դատարան․ «Ես համարում եմ, որ հայցի ներկայացման համար օրենքի տրամաբանությունից հետևում է, որ գոյություն ունի լրացուցիչ նախադրյալ։ Այդ նախադրյալը եզրակացության մեջ համապատասխան նշումների առկայությունն է»։
Այնուհետև գործով 3-րդ անձ ներգրավված, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի փաստաբանը՝ Սպարտակ Գինոսյանը հայտնեց, որ իր վստահորդի մասով պահանջը պետք է մերժվի։ Ըստ դատախազության՝ Սուրիկ Խաչատրյանը Առուշ Առուշանյանին փոխառություն է տրամադրել։ Փաստաբանի խոսքով՝ նման իրավահարաբերություններ կողմերի միջև չեն եղել, իսկ բանկից հերքել են գումարի փոխանցման փաստը։
Դատախազը սակայն հակադարձեց․ փոխանցումը տեղի է ունեցել 2012-ի դեկտեմբերին։ Խաչատրյանը «Արդշինբանկի» իր հաշվեհամարից փոխանցել է նույն բանկի տարանցիկ հաշվեհամարի, իսկ Առուշանյանը բանկում առձեռն ստացել է այդ գումարը․ «Առուշ Առուշանյանին բազմաթիվ այլ փոխանցումներ կային, որոնցում սակայն այլ նպատակներ են նշվել՝ նվիրատվություն, օգնություն և այլն։ Դրանք մեր պահանջում չեն ներառել, միայն այս փոխառությունն է նշված»։
Միևնույն ժամանակ Գևորգ Քոչարյանը նշեց, որ պետությունը Առուշանյանից որևէ պահանջ չունի։ Պետությունը վերջինիս փոխանցված գումարը պահանջում է Սուրիկ Խաչատրյանից բռնագանձել։
Սպարտակ Գինոսյանը պնդեց, որ եթե անգամ նման գումար փոխանցվել է, ապա որպես փոխառություն չի եղել․ «Իմ ստացած տեղեկությունների համաձայն՝ նման փոխանցում բանկային հաշիվների միջև տեղի չի ունեցե։ Միգուցե, դա պետք է լրացուցիչ պարզաբանվի։ Եթե անգամ փոխանցում եղել է, պետք է հասկանալ՝ ինչ նպատակով։ Օրինակ բերեմ դատարանին։ Հիմա ես կարող եմ պարոն Քոչարյանին գումար փոխանցել և «նպատակ» դաշտում գրել՝ սնունդ պատվիրելու համար, դա նորմալ է։ Սակայն փոխառության պայմանագիր կամ այլ փաստաթուղթ, որը կարող է հավաստել կողմերի միջև նման իրավահարաբերությունների մասին, առկա չեն, չէին էլ կարող լինել։ Կողմերի միջև բարիդրացիական հարաբերություններ չեն եղել, դժվար թե պարոն Խաչատրյանը ինչ-որ գումար փոխանցել պարոն Առուշանյանին»։
Դատախազ Գևորգ Քոչարյանը ևս մեկ անգամ նշեց, որ Սուրիկ Խաչատրյանի՝ Առուշ Առուշանյանին փոխանցումներն այս մեկով չեն սահմանափակվում․ «Ավելի մեծ գումարներ կային։ Եթե Առուշ Առուշանյանը գնացել և այդ նշումով բանկից գումար է ստացել, ուրեմն առնվազ չի առարկել նման փոխանցում ստանալու մասով»։
Հայցի հիմքը և առարկան փոխելու վերաբերյալ հայցվորի ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի առանձին դատական ակտի ձևով։ Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 11-ին։
Եվգենյա Համբարձումյան