ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը ռուսաստանցի դիվանագետների հետ միասին Գազայի հատվածից տարհանում են խաղաղ բնակչությանը, Ռուսաստանի քաղաքացիներն արդեն հատում են անցակետը, նոյեմբերի 12-ին հայտնել են նախարարությունից:
«Մեկ շաբաթ շարունակ ՌԴ ԱԻՆ օպերատիվ խումբը աշխատանքներ է իրականացրել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում հայտնված ՌԴ քաղաքացիների տարհանման կարգի և երթուղիների համաձայնեցման ուղղությամբ։ Տվյալ պահին անցակետը հատում են ՌԴ քաղաքացիները, ովքեր ցանկացել են լքել հակամարտության գոտին»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Interfax-ը, ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ՌԴ ԱԻՆ մասնագետները տեղում մարդկանց բժշկական և հոգեբանական օգնություն են ցուցաբերում, նրանց ապահովում սննդով և ջրով:
«Այսօր սահմանը հատած ՌԴ բոլոր քաղաքացիները կուղղորդվեն Կահիրե, որտեղ ծավալված է ՌԴ ԱԻՆ օպերատիվ շտաբը։ Այնտեղ նրանց կօգնեն ձևակերպել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը»,- հավելել են գերատեսչությունում։