Կտրականապես ոչ։ Ադրբեջանը չի պատրաստվում ներխուժել Հայաստան։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը իտալական In Terris-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ հարցերին։
Մասնավորապես, հրապարակման այն հարցին, թե արդյոք Ադրբեջանը մտադիր է «մոտ ապագայում ներխուժել Հայաստան», նախագահի ներկայացուցիչը պատասխանել է. «Կտրականապես ոչ։ Սա վերջին օրերին տարածված կեղծ լուրեր են, որոնց ծագումն ամբողջությամբ չենք կարող հասկանալ։ Որպես նման տեղեկատվության պատրվակ նշվում է «Զանգեզուրի միջանցքը» (չակերտները՝ Iravaban.net-ի) , որը տրանսպորտային կապ կապահովի Ադրբեջանի և նրա անկլավ Նախիջևանի միջև։ Սա, ըստ էության, ոչ միայն կապող օղակ է Ադրբեջանի և Հայաստանի կամ տարածաշրջանի երկրների միջև, միևնույն ժամանակ, ավելի լայն իմաստով, այն կարող է այլընտրանքային ճանապարհ դառնալ՝ միացնելով Ասիան Եվրոպայի հետ։ Ըստ էության, սա ռազմավարական նախագիծ է, որը կարող է հզոր զարկ տալ համաշխարհային առևտրին»:
Ամիրբեկովն ասել է, որ եթե Երևանին դուր չի գալիս «միջանցք» ձևակերպումը, ապա կարող են օգտագործվել «անցում», «ճանապարհ» և այլ տարբերակները։ Նրա խոսքով՝ «Զանգեզուրի միջանցք» տերմինը «զուտ տնտեսական և տրանսպորտային հայեցակարգ է»։
«Եթե Հայաստանը չկատարի իր պարտավորությունները այս հարցում, մենք, ըստ էության, ունենք այլընտրանքային տարբերակ։ Իրանի տարածքով երկաթուղային եւ ավտոմոբիլային տրանսպորտով Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապելու նախագիծը կիրականացվի հնարավորինս արագ։ Հայաստանը մնալու է տարածաշրջանային փակուղու մեջ, և դա լինելու է հենց հայերի ընտրությունը»,- ասել է Էլչին Ամիրբեկովը։
Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը ևս մեկ անգամ նշել է, որ «ամեն դեպքում, Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանից, և այդ անհիմն պնդումը, ամենայն հավանականությամբ, «միտումնավոր է տարածվում Հայաստանի կողմից» (չակերտները՝ Iravaban.net-ի) »։