Որո՞նք են համարվում ագրեսիվ շներ և կենդանիներին պահելու ու զբոսանքի տանելու ի՞նչ կանոններ կան

Դեռևս 2011 թվականին Երևանի քաղաքապետի կողմից հաստատվել են Երևան քաղաքում ընտանի կենդանիներին հաշվառելու և պահելու կանոնները։ Դրանցում վերջին փոփոխությունները կատարվել են 2021 թվականի սեպտեմբերին։

Երևանի քաղաքապետը՝ դեռևս 2012 թվականին, հիմք ընդունելով Հայաստանի պետական ագրարային համալսարանի ռեկտորի 27.03.2012 թվականի N 44/01-11-486 գրությունը և ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի հոկտեմբերի 24-ի N 312-Ն որոշմամբ հաստատված կանոնների 24-րդ կետի 1-ին ենթակետով որոշում է ստորագրել, որով սահմանվել է ագրեսիվ շների ցանկը՝ համաձայն հավելվածի:

Ըստ ցանկի, այդ շներն են․

Ցեղատեսակները և խառնացեղերը

Ամերիկյան բուլդոգ
պիտբուլտերյեր
Արգենտինական դոգ
Ստաֆորդշիրական բուլտերյեր
Գերմանական դոգ
Բելգիական հովվաշուն
Կարտիական հովվաշուն
Կովկասյան հովվաշուն (գելխեղդ)
Միջինասիական հովվաշուն
Մոսկովյան պահակային
Ռուսական սև տերյեր
Պիրենյան լեռնային շուն
Ակիտա-ինու
Բուլմաստիֆ
Բուլտերյեր
Դոբերման պինչեր
Կանգալ
Կանե-կորսո
Մաստիֆ
Մաստինո նեապոլիտանո
Յակտերյեր
Ռոթֆեյլեր

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԶԲՈՍԱՆՔԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

-Ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են կենդանիներ պահելիս հաշվի առնել այդ կենդանիների կենսաբանական և անհատական առանձնահատկությունները, պահպանել «Անասնաբուժության մասին» և այլ օրենքներով, ինչպես նաև սույն Կանոններով սահմանված պահանջները։

-Բազմաբնակարան շենքերում կենդանիներ մշտապես կամ ժամանակավորապես պահելիս պետք է ապահովվեն մարդկանց և կենդանիների կյանքի բարենպաստ պայմաններ։

-Բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքներում կենդանիներ պահելն արգելվում է։

-Կենդանիների զբոսանքը թույլատրվում է միայն այդ նպատակով հատուկ հատկացված տարածքներում։ Նման տարածքների բացակայության դեպքում զբոսանքը կարող է իրականացվել ամայի կամ խոտածածկ տարածքներում, բացառությամբ կրթական, մշակութային, սպորտային, առողջապահական կազմակերպություններին (հիմնարկներին) հարող տարածքների, մանկական հրապարակների և շուկաների տարածքների։

-Շան զբոսանքի ժամանակ Պահողը պետք է ապահովի մոտակայքում գտնվող անձանց անվտանգությունը։

-Շան զբոսանքի ժամանակ Պահողը պարտավոր է՝

1) շանը նրա պահման տարածքից դուրս բերել կամ ներս տանել կապով, որի երկարությունը թույլ է տալիս հսկել շան վարքը: Մարդկանց և ուրիշ կենդանիներին սպառնացող շները (մարտական, ծառայողական, պարեկային և այլ ցեղատեսակի շներ, որոնք կարող են լինել ագրեսիվ և վտանգավոր մարդու կամ այլ կենդանու կյանքի կամ առողջության համար, այսուհետ` պոտենցիալ վտանգավոր շուն) պետք է ունենան դնչկալներ: Պոտենցիալ վտանգավոր շների ցանկը սահմանվում է Երևանի քաղաքապետի որոշմամբ,

2) պոտենցիալ վտանգավոր շանը պահել դնչկալով՝ մայթերով շարժման ժամանակ, հետիոտնի ճանապարհին, ընդհանուր օգտագործման ավտոտրանսպորտային միջոցներով և տաքսի ավտոմեքենաներով տեղափոխելիս, մարդաշատ վայրերում և երթևեկության հատման մասերում։

Բնակելի թաղամասերում պոտենցիալ վտանգավոր շների զբոսանքը թույլատրվում է իրականացնել միայն դնչկալի և կապի առկայության դեպքում:

Հասարակական վայրերում Պահողը պետք է պոտենցիալ վտանգավոր շանը պահի կարճ կապի վրա և դնչկալով,

3) առանց դնչկալի և կապի շանը զբոսանքի տանելու առանձնացված վայրերը սահմանվում են Երևանի քաղաքապետի որոշմամբ։

-Ճանապարհը կամ երթևեկելի մասն անցնելիս, ինչպես նաև մայրուղիների մոտ՝ ճանապարհային պատահարների կանխման նպատակով, Պահողը պարտավոր է կենդանուն պահել կարճ կապի վրա։

-Պահողները պարտավոր են թույլ չտալ մայթերի կամ այլ հանրային օգտագործման տարածքների աղտոտումը կենդանու զբոսանքի ընթացքում, ինչպես նաև պարտավոր են մաքրել իրենց կենդանիների կենսագործունեության արդյունքները։

-Շներ պահողներն իրավունք ունեն դրանց ազատ արձակել միայն իրենց սեփականության, տիրապետման կամ օգտագործման ներքո գտնվող հատուկ առանձնացված տարածքներում կամ մեկուսացված շինություններում։

-Պոտենցիալ վտանգավոր 2 ամսականից մեծ շներ Պահողները պարտավոր են անձամբ անցնել նման շների հետ վարվելու հատուկ դասընթաց, շանը տալ ընդհանուր վարժեցման և ունենալ այս գործողությունների կատարումը հաստատող համապատասխան վկայագրեր՝ տրամադրված կինոլոգիական կազմակերությունների կողմից:

-Պահողներն իրավունք ունեն կենդանիներին տեղափոխել քաղաքային տրանսպորտով։ Կենդանիները պետք է քաղաքային տրանսպորտով փոխադրվեն կարճ կապով և դնչկալով, բացառությամբ փոքր դեկորատիվ ցեղատեսակների և փոքր, առանց ցեղատեսակի շների և կատուների, որոնք տեղափոխվում են պայուսակներում կամ տեղափոխման համար հարմարեցված սարքերում։

Արգելվում է՝

1) կենդանիների երկարատև կամ մշտապես պահումը տրանսպորտային միջոցներում,

2) շանը զբոսանքի տանելը մանկական խաղահրապարակներում, մանկական այգիներում, զբոսայգիներում, առողջապահական, կրթական, մշակույթի, սպորտի հիմնարկների և շուկաների տարածքներում,

3) ալկոհոլային խմիչք օգտագործած անձանց և 18 տարին չլրացած անչափահասներին՝ 15 կիլոգրամից ավելի քաշ ունեցող շներին զբոսանքի տանելը,

4) կենդանիների հետ խանութներ, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների օբյեկտներ, բժշկական, կրթական և մշակութային հաստատություններ այցելելը, բացառությամբ կենդանիների ցուցադրության կամ համանման այլ միջոցառումների այցելության դեպքերի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել