Գերմանացի քաղաքական գործիչ Սառա Վագենկնեխտը, ով վերջերս հայտարարեց նոր կուսակցություն ստեղծելու ծրագրերի մասին, ասել է, որ ուկրաինացի փախստականները երբեմն չարաշահում են իրենց տրամադրվող արտոնությունները։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Երբ ուկրաինացիները վերադառնում են իրենց հայրենիք, որտեղ իրականում ապրում են և գալիս են այստեղ միայն վճարումներ ստանալու համար, այդ իրավիճակում մեծ հարցեր են ծագում»,- ասել է Վագենկնեխտը: «Ես կոնկրետ դեպքեր գիտեմ, իմ ծննդավայրում ուկրաինացի փախստականների համար ամբողջ տներ են վարձով տալիս, իսկ հարևանները զարմանում են, որ այնտեղ մարդ չկա»,- հավելել է քաղաքական գործիչը:
Միաժամանակ Վագենկնեխտն ընդգծել է, որ չի ընդհանրացնում Ուկրաինայից եկած բոլոր փախստականներին և հասկանում է նրանց ցավը, ովքեր կորցրել են հարազատներին և ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը։
Անցյալ ամիս Վագենկնեխտը, ով քննադատում է Գերմանիայի մասնակցությունը Ուկրաինային սպառազինություն մատակարարելու գործում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներ սահմանելու համար, մամուլի ասուլիսում հայտարարել է, որ հեռանում է Ձախ կուսակցությունից և ապագայում ստեղծելու է իր կուսակցությունը՝ քարոզելով խելամտություն և արդարություն: Հարցումների համաձայն՝ ապագա կուսակցությանը պատրաստ է աջակցել գերմանացիների մոտ 14%-ը։