Այսօր՝ նոյեմբերի 9-ին, Տաշքենդում տեղի է ունեցել ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսիի հանդիպումը։ Ալիևը հանդիպման ժամանակ նշել է, որ Հայաստանը հրաժարվել է դեպի Նախիջևան երթուղի տրամադրել, ուստի իրենք նախագիծն Իրանի տարածքով կիրականացնեն։
«Սա մեծ հեռանկարներ ունեցող նախագիծ է։ Երեք տարի շարունակ Հայաստանը հրաժարվում և շարունակում է հրաժարվել իր պարտավորությունների կատարումից, այն է՝ Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևան երթուղու ապահովումը։ Դա իրենց ընտրությունն է, կարծում եմ՝ նրանք մեծ սխալ թույլ տվեցին»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ Իրանի և Ադրբեջանի ներկայացուցիչների համատեղ աշխատանքի արդյունքում պայմանավորվել են համաձայնեցնել երկաթուղու ու մայրուղու երթուղիները։
«Վստահ եմ, որ այս նախագիծը կարճ ժամանակում կիրականացվի և կդառնա Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ևս մեկ ուղղություն։ Այսինքն՝ արդյունքում կունենանք երկու երթուղի` մեկը Աստարայով, մեկը Աղբանդով, և երկու երթուղիներն էլ կծառայեն Իրանի և Ադրբեջանի միջև եղբայրական հարաբերությունների ամրապնդմանը, հասանելի կլինեն նաև այլ երկրներին, մեր հարևաններին և գործընկերներին»: