Այսօր՝ նոյեմբերի 9-ին, Տաշքենդում տեղի է ունեցել ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսիի հանդիպումը։ Վերջինս աջակցություն է հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և նշել, որ Իրանը պատրաստ է մասնակցել տարածաշրջանի վերակառուցմանը:
Ըստ Ռաիսիի՝ Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունները «գոհացուցիչ մակարդակի վրա են, և տարբեր ոլորտներում մեր աշխատանքն ու նախագծերը լավ առաջընթաց են ապրում»: Նա նաև հայտնել է, որ Իրանը պատրաստ է օգնել Ադրբեջանին Ղարաբաղի (օկուպացված Արցախի Հանրապետություն՝ խմբ․) վերականգնման գործում:
Ռաիսին ընդգծել է, որ ի հակադրություն թշնամիների ցանկության՝ Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունները զարգանում են, և երկու երկրների վատը կամեցողների դավադրությունները ձախողվել են
Ալիևը ևս կարևորել է երկկողմ հարաբերությունների ամրապնդումը: Նա շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցելու Իրանի դիրքորոշման համար և ընդգծել, որ Թեհրանի ու Բաքվի տարածաշրջանային համագործակցությունը երկու երկրների ու ժողովուրդների օգտին է: