Պաղեստինցիներին չի կարելի վտարել Գազայի հատվածից. Գերմանիայի արտգործնախարար

Պաղեստինցիներին չի կարելի վտարել Գազայի հատվածից, չպետք է նաև օկուպացվի Գազայի հատվածը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը Տոկիոյում G7-ի նախարարների հանդիպումից հետո:

Նրա խոսքով՝ հանդիպման մասնակիցներն ակտիվորեն քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը։

Բերբոքը կարծում է, որ անհրաժեշտ են որոշ կողմնորոշիչներ Գազայի հատվածի ապագայի և երկու պետությունների ստեղծման հիման վրա հակամարտության լուծման համար:

«Դա նշանակում է, առաջին հերթին, որ Գազայի հատվածից այլևս չպետք է ահաբեկչական սպառնալիք ծագի Իսրայելի անվտանգության համար։ Երկրորդ՝ պաղեստինցիներին չպետք է վտարել Գազայից։ Երրորդ, որ չպետք է լինի Գազայի հատվածի օկուպացիա, փոխարենը պետք է ապահովվի հնարավորինս լավ միջազգային պաշտպանություն։ Սա նշանակում է, չորրորդ, որ պետք չէ հասնել Գազայի հատվածի տարածքային կրճատմանը։ Դա նշանակում է, հինգերորդ, որ չպետք է լինի ոչ մի լուծում ՝ շրջանցելով պաղեստինցիներին, և ամեն ինչ պետք է դիտարկվի այն ըմբռնումով, որ ապագայում Իսրայելի ժողովուրդն ու Պաղեստինի ժողովուրդն իրավունք ունեն վերջապես ապրել խաղաղության և անվտանգության մեջ»,-ասել է Բերբոքը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել