Թրամփը մերժել է Զելենսկիի հրավերը

Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում նախագահ Զելենսկիին, բայց կարծում եմ, որ այս պահին Ուկրաինա մեկնելը տեղին չի լինի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը՝ մերժելով նախագահ Զելենսկիի հրավերը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է  Կիև։ Զելենսկին հայտարարել է, որ անձնական հանդիպման ժամանակ կարող է  բացատրել Դոնալդ Թրամփին  Ռուսաստանի հետ ռազմական հակամարտությունը 24 ժամվա ընթացքում լուծելու անհնարինությունը։

«Եթե նա (Թրամփը՝ խմբ․) կարողանա գալ այստեղ, ինձ կպահանջվի 24 րոպե, այո, 24 րոպե՝ ոչ ավելի, քան 24 րոպե, որպեսզի բացատրեմ նախագահ Թրամփին, որ նա չի կարող վերահսկել այս պատերազմը։ Նա չի կարող խաղաղություն հաստատել Պուտինի պատճառով»,- ասել է Վլադիմիր Զելենսկին NBC-ին տված հարցազրույցում։

Նշենք, որ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, թե  կարող է 24 ժամում վերջ տալ ռուս-ուկրաինական հակամարտությանը։ Սակայն նա չի պարզաբանել, թե կոնկրետ ինչպես է նախատեսում դա անել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել