Գնում էինք դեպի մահը, կամ կփրկվեինք, կամ վերջ. այդտեղ կավարտվեր ամեն ինչ․ Արցախից բռնի տեղահանված

Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Ազնիվ Բաղրամյանը  Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում պատմեց, որ շարջափակման ինը ամիսներն անցկացրել են մեծ դժվարությամբ։

«Մենք մեզ հույս էինք տալիս, որ եթե հաղթահարենք այդ դժվարությունները, գուցե հետո, վերջը լավ լինի։ Օր օրի ավելի էր վատթարանում վիճակը։ Ժողվուրդը սովի էին մատնվում։ Արդեն գոյության պայքար էր՝ կարելի է ասել։ Օրվա հացի կռիվ և այդպես շարունակ։ Երեխաների հետ ընդհանրապես շատ դժվար էր՝ սկսած հիգիենայի պարագաներից, մանկական կերերից։ Այդ բոլոր դժվարությունները քաշելով՝ վերջում ավելի վատ օրի հասանք»,-նշեց նա։

Նա պատմեց, որ 2020 թվականի ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով ևս ստիպված էին եղել տեղահանվել։

«Աղջիկս երեք ամսեկան էր, ամուսինս մեզ տեղափոխեց Հայաստան։ Երկու ասմիս մնացինք Հայաստանում։ Նոյեմբերի 16-ին, երբ աղջիկս արդեն հինգ ամսեկան էր, կրկին վերադարձանք Արցախ։ Վախ կար, սակայն ձգում էր հայրենիքը։ Ու հիմա էլ ձգում է։ Հույս ունեմ գուցե մի օր կրկին կվերադառնանք։ Երեք տարի ապրել ենք վախի, սթրեսի, ամեն մի փոքր ձայնից տեղից ցատկում էինք վախից։ Սակայն, ինչպես ասում են՝ արցախցու կամքը կուռ է և ծնվեց երկրորդ փոքրիկս, հենց շրջափակման ժամանակ, բանակի օրը՝ հունվարի 28-ին։ Մի հույս ևս արթնացավ։ Սակայն այդ ամենի հետ ապրել իհարկե շատ դժվար էր, երբ թշնամին գտնվում էր Շուշիի բարձունքում, իսկ մենք Ստեփանակերտում։ Մենք գտնվում էինք նշանառության տակ։ Կարելի է ասել, որ միշտ սպասում էինք, որ մի բան պետք է լինի, սակայն, որ կլինի այսպես և վերջնական դուրս կգանք Արցախից, այս դա չէինք պատկերացնում»,-ասաց Ազնիվը։

Նա պատմեց նաև սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սկսած հերթական ագրեսիայի մասին՝ նշելով, որ իրենք ապրում էին իրենց սովորական դարձած առօրյայով, երբ թշնամին սկսել է կրակել։

«Կեսօրին ձայներից ուղղակի ցատկեցինք։ Ամուսինս միանգամից՝ երեխաներին վերցրու ու իջիր նկուղ։ Գնացինք նկուղ, բայց այնտեղ մտածում էինք, որ սա վերջն է, այ այստեղ վերջ, բոլորս միասին ենք, ինչ լինում է, թող լինի ու չէի պատկերացնում, որ հնարավոր է այդտեղից ողջ դուրս գայի։ 2020 թվականին գիտեինք, որ պետք է վերադառնանք, բայց, երբ գիտեինք, որ թշնամին արդեն Ստեփանակերտի մատույցներում է, ասում էի՝ կամ այստեղ մի արկ կընկնի և բոլորս միասին կմահնանք կամ էլ երևի թշնամին կմտնի իր ոտքով, քանի որ մեր տնից մի քանի տուն էր բարձր գտնվում»,-նշեց նա։

Մեր զրուցակիցն ասաց, որ Ստեփանակերտից դուրս են եկել սեպտեմբերի 25-ին։

«Երկու օր մնացել ենք Իվանյանում՝ ռուսների մոտ։ Մտածում էինք, որ եթե ռուսներն այնտեղ են, գուցե․․․մեզ համար ինչ-որ ապահաով ապաստան էինք փնտրում։ Սեպտեմբերի 24-ին սկսեցին տարհանել, 25-ին մենք դուրս եկանք Ստեփանակերտից, մի կերպ մազապուրծ եղանք։ Հակարիի կամուրջն անցնելը մեկ այլ սթրես էր, երբ մտածում ես՝ արդյո՞ք կկարողանաս անցնել, թե չէ։ Գնում ես դեպի մահը կամ կփրկվեինք կամ վերջ, այդտեղ կավարտվի ամեն ինչ։ 22 ժամ ճանապարհ եկանք, կանգառներով, երեխաների լացի հետ։ Երբ Հակարիի կամրջով անցանք, կարծես նորից ծնվեինք։ Մենք մեզ փրկված զգացինք, բայց մյուս կողմից հայրենիքի կորուստն էր մեզ խեղդում»,-ասաց Ազնիվը։

Նա անդրադարձավ նաև ադրբեջանական կողմի առաջարկած «վերաինտեգրմանը»՝ նշելով, որ չի պատրաստվում այդ պայմաններով վերադառնալ Արցախ։

«Ադրբեջանի հետ մեկտեղ, հնարավոր չէ։ Եթե այդ տարբերակը մենք դիտարկեինք՝ այսօր այստեղ չէինք լինի։ Մեր միակ տարբերակը Հայաստանի հետ միանալն էր և, եթե ոչ դա, ապա լինեինք անկախ, միայն թե ոչ Ադրբեջանի հետ։ Ինչպես կարող ես ապրել մեկի հետ, որը կարող է մորթել քո երեխային և մի շարք այլ դաժանություններ։ Դա բացառվում է, այդ տարբերակը հնարավոր չէ»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

Ազնիվն ասում է, որ իր հետ Արցախից վերցրել է հիշողություններ, որոնք իրեն կուղեկցեն իր ամբողջ կյանքի ընթացքում։ Նա նաև ասում է, որ այդ հիշողություններն իրեն հիմա հանգիստ չեն թողնում։

«Արցախում թողեցի իմ «ես»-ը և երևի այլևս չվերագտնեմ։ Արցախում թողեցի ամեն ինչ, սկսած՝ մորս գերեզմանից, վերջրացրած՝ տնով, տեղով ու ամբողջ մանկությունս թողեցի Արցախում։ Արցախում թողեցի այն ամենն, ինչ այստեղ չեմ գտնի։ Հայրենիքս թողեցի Արցախում»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ ինչպես իրենք են որբ առանց Արցախի, այնպես էլ Արցախն է որբ առանց իրենց։

«Երբ եկա այստեղ, մտածում էի՝ եթե Արցախում չեմ, ապա մեկ է, թե որտեղ կլինեմ, որովհետև Արցախը դրախտավայր էր։ Ճիշտ է մենք միշտ սպասում էինք թշնամու գնդակոծության, սադրանքների ներքո։ Մենք 30 տարի ապրել ենք վախի մեջ, իսկ արդեն 2020 թվականից մինչև այս պահն ուղղակի սթրեսի մեջ էինք ապրում, սակայն Արցախը մեզ համար դրախտավայր էր։ Ներկա դրությամբ պլաններ չունեմ։ Կուզեի մնալ այստեղ, որպեսզի պահպանեմ իմ հայ տեսակը, երեխաներս սովորեին հայերեն։ Նաև հույս ունեմ, որ մի օր, մի հրաշքով հնարավոր է վերադառնանք Արցախ»,-ասաց մեր զրուցակիցը։

Ազնիվի գնահատմամբ այն ինչ տեղի ունեցավ Արցախում՝ ցեղասպանություն էր։

Նա ասում է, որ միջազգային հանրությունից ակնկալիքներ է ունեցել այն ժամանակ, երբ դեռ Արցախում էր։

«Շրջափակման ժամանակ հույս էի փայփայում, որ, եթե մենք շրջափակման մնանք ու հաղթահարենք, ապա գուցե նաև գրավենք միջազգային հանրության ուշադրությունը։ Սկասած՝ ՄԱԿ-ից և այլ միջազգային կառույցներից։

——————————————————————————————————————

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։

Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․

Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]

Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter

Մանրամասները՝ տեսանյութում։

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։

 Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել