Թմրամիջոց են համարվում ցանկացած բնական կամ սինթետիկ ծագում ունեցող նյութերը, դրա պատրաստուկները, բույսերը, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, այդ թվում՝ ՄԱԿ-ի 1961 թվականի «Թմրամիջոցների մասին» միասնական կոնվենցիայի համաձայն` ներառված են Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ցանկում:
Իսկ գիտե՞ք, որ սերը մարդու ուղեղի վրա ներազդում է գրեթե նույն կերպ, ինչ կոկաին կոչվող թմրանյութը:
Սիրահարված մարդու ուղեղի հետազոտության արդյունքում հայտնաբերվել է հետևյալ յուրահատկությունը. Սիրահարված մարդու ուղեղում ակտիվանում են որոշակի հատվածներ, ինչի արդյունքում մարդը հաճույք է զգում:
Հետաքրքրականն այն է, որ ուղեղի նշված հատվածներն ակտիվանում են միայն կոկաին տեսակի թմրանյութի օգտագործման արդյունքում:
Ստացվում է, որ սերը մարդու վրա ներգործում է թմրանյութի պես:
Հաշվի առնելով սիրո ազդեցությունը մարդու ուղեղի վրա, ինչպես նաև այն, որ դժբախտ սիրո հետևանքով մարդիկ դառնում են անկառավարելի (ինչպիսին որ դառնում են թմրանյութի ազդեցության տակ) և կատարում զանազան հանցագործություններ` ԱՄՆ-ում մասնագետները փորձում են ստեղծել մի այնպիսի դեղամիջոց, որը կօգնի ազատվել սիրուց կամ այլ կերպ ասած` «բուժվել այդ հիվանդությունից»:
Հիշեցնենք, որ ՀՀ օրենսդրության համաձայն` առանց իրացնելու նպատակի մանր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելն առաջացնում է տուգանքի նշանակում` 200 000 ՀՀ դրամից մինչև 400 000 ՀՀ դրամի չափով:
Ինչ վերաբերում է սիրահարվելուն, ապա բարեբախտաբար կարող ենք փաստել, որ այն օրենքով արգելված չէ, ուստի սիրե′ք և եղե′ք սիրված 🙂 :