Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Ռայա Հայիրյանը Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում պատմեց, որ 2020 թվականին ադրբեջանական կողմի սանձազերծած պատերազմի հետևանքով էլ են ստիպված եղել տեղահանվել, բայց նոյեմբերի 9-ից հետո կրկին վերադարձել են Արցախ։
«Տուն ունեինք, հանգստյան գոտի ունեինք, ծաղկի խանութ, քաղաքում էլ տուն ունեինք, ամեն ինչ թողել ենք։ Բայց մի քիչ էլ սրտովս չի անցնում, որ այդքանը թողել ենք։ Մտածում եմ, որ այնքան զոհ ենք տվել, որ գոնե բոլորը ողջ–առողջ դուրս գային։ Ադրբեջանցիները մտածում են, որ հայ ազգը վերջացնեն, բայց հայ ազգն այնքան պինդ է»,-նշեց նա։
Տիկին Ռայան պատմեց նաև շրջափակման ինը ամիսների մասին, որոնք անեցել են հացի հերթերում։ Նա ընդգծում է, որ նույնիսկ այդ պայմաններում չէին մտածում, որ դուրս կգան։
«Ամոթ է, դուք ղարաբաղցուն այս օրն եք գցել, ի՞նչ անեք։ Ամաչում եմ գնալ ճաշարան։ Մենք էինք բոլորին բաժին տալիս, հիմա գնում ենք բաժին ենք հավաքում։ Պատկերացրու՝ սա ինչ դժվար բան է։ Մի մարդ չի եղել, որ մեր ճանապարհով անցներ, մենք նրան չհյուրասիրեինք, հիմա մենք այս վիճակում ենք։ Սիրտս ուզում է պայթի, չեմ կարողանում խոսել»,-ասում է մեր զրուցակիցը։
Խոսելով՝ ադրբեջանական կողմի առաջարկած վերաինտեգրման մասին, նա ասում է, որ պատրաստ չէ վերադառնալ Արցախ։
«Բայց ես կուզեի, մի տարածք լիներ, բոլոր ղարաբաղցիները հավաքվեին նոր Ղարաբաղ ստեղծեին։ Նրանց հետ հնարավոր չէ։ Նրանք հղի կնոջ փորն են ճղել, երեխային հանել, մորթել։ Նրանց հետ ո՞նց ապրենք։ Ղարաբաղ վերադառնալը հնարավոր բան չի։ Նրանք արնախում են։ Դրանց հետ հնարավոր չէ, ոչ մի կերպ։ Միայն մածում էինք, որ մեր ժողովուրդը փրկվի, բայց գիտե՞ք ինչքա՜ն զոհ ենք տվել․ շատ-շատ»,-նշում է տիկին Ռայան։
Նա ասում է, որ երեք օր ճանապարհ են եկել, հինգ րոպեն մեկ կանգնեցրել են իրենց։
——————————————————————————————————————
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։
Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․
Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]
Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter
Մանրամասները՝ տեսանյութում։
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։
Հասմիկ Սարգսյան