ԱՄՆ իշխանությունները ճնշում են գործադրել Իսրայելի կառավարության վրա՝ վերականգնելու Գազայի հատվածում հաղորդակցությունը, որն ուրբաթ անհայտ պատճառներով խափանվել էր։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը (WP)՝ վկայակոչելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի։
Զրուցակիցը լրատվամիջոցին պատմել է, որ ուրբաթ օրը Գազայի հատվածում կապի և ինտերնետի անջատման հետևում կանգնած են հրեական պետության իշխանությունները։ Նրա խոսքով՝ իսրայելցիներն իրենց ամերիկացի գործընկերներին չեն բացատրել, թե ինչու են այդ քայլին դիմելանկլավում գործողությունների ընդլայնումից առաջ։
«Մենք հասկացրել ենք, որ դրանք [կապը և ինտերնետը] պետք է վերականգնվեն», – ասել է աղբյուրը՝ նշելով, որ Գազայի հատվածում հաղորդակցությունն այժմ կրկին հասանելի է և պետք է մնա միացված։
Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան պաղեստինյան մատակարար Ջավվալը հայտնել է, որ հեռախոսային և ինտերնետ ծառայությունները դադարեցրել են աշխատանքը Գազայի հատվածում իսրայելական բանակի զանգվածային հարվածներից հետո: «Ալ Արաբիա» և «Ալ Ջազիրա» հեռուստաալիքների փոխանցմամբ՝ Գազայի հատվածն ամենաուժեղ հարձակմանն է ենթարկվել հոկտեմբերի 7-ին պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից հետո։ Նշվում է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը գրոհում են անկլավի մի քանի տարածքներ օդից, ցամաքից և ծովից:
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին ասել էր, որ հրեական պետությունն ընդլայնում է Գազայի հատվածում իր ցամաքային ռազմական գործողության շրջանակը։ Նրա խոսքով՝ ցամաքային գործողության նախապատրաստվելու համար Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցնում ստորգետնյա թիրախների ու ահաբեկչական ենթակառուցվածքների վրա։