«Տանկն անցել էր զինվորների վրայով, հնարավոր չէր տարբերել՝ ով ով է»․ Արցախից բռնի տեղահանված Լյուդմիլայի տղան բենզինի պահեստի պայթյունի հետևանքով անհետ կորել է

Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Լյուդմիլա Պետրոսյանը  Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում պատմեց, որ սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով իր որդին համարվում է անհետ կորած։

«Տղաներս առաջին գծում են եղել ականատես են եղել սարսափելի բաների։ Երեկոյան գյուղապետը եկավ, թե՝ Պետրոսյան, երեխաներին տարհանում ենք Չարեքթարը վերցրել են, զոհեր ենք տվել։ Արդեն գիտակցությունս կորցնում էի։ Գրադով խփցին, հույս չունեի, որ տաղաներս ողջ հետ կգան։ Մի տղաս զանգեց, ասաց, որ չի կարող գալ, իր երեխաներին էլ հանեմ։ Ռուսական բանակն էլ իմ տան մոտ էր, դուրս գալիս մտածում էի, թե ինչո՞ւ են այսքան անտարբեր։ Չասացին էլ՝ կպաշտպանենք ձեզ, ու՞ր եք գնում»,-ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքով՝ ամեն կողմից կրակել են։

«Մենք ականատես ենք եղել եղեռնի, բայց մեքենաներով։ Մյուս տղաս էլ եկավ, ասաց՝ մամա, ինչու եք կանգնել, հասնում են գյուղ։ Հետո տեսել ենք, թե ինչպես են սկսել գյուղերը ավերել, արդեն հասնում էին Հոռաթաղ։ Մինչև Ստեփանակերտ երկու կամուրջ կար անցնելու։ Մեր բանակն այդ մասում պայքարում էր, որ ճանապարհը չվերցնեն։ Ճանապարհին տանկեր տեսանք, կռիվ տեսանք։ Առաջինը կամրջով անցավ այն տղաս, որը պայթյունի զոհ դարձավ։ Էլ ոչ ոք չէր նայում, որ կարող է վթար լինի, արագ քշել անցել ենք։ Ռմբակոծում էին»,-ասաց տիկին Լյուդմիլան։

Նրանք մազապուրծ հասել են Ստեփանակերտ։ Մի քանի օր մնացել են այնտեղ, վերջին մարդկանցից են եղել, որ դուրս են եկել քաղաքից։

«Ասացի՝ ամբողջ Ստեփանակերտը գնացել է, մենք են մնացել, ինչո՞ւ ենք նստել։ Տղաս, ասել է, որ գնում է վառելիք հայթհայթելու, էն գնալն է, որ գնում է։ Յոթ ամսական երեխա թողեց։ Հակարիի կամրջում ստուգեցին, բայց դե իրենց սև գործն արդեն արել էին։ Ռուսը մի կողմում էր կանգնել, թուրքերը՝ մյուս։ Անցանք, եկանք Գորիս»,-ասաց նա։

Մեր զրուցակիցը նշեց, որ տեղի ունեցածը ցեղասպանություն էր․ «Սա չորրոդ անգամն է, որ ես փախչում եմ։ Առանց շոր, առանց փաստաթուղթ փախել ենք»։

Նա նշում է, որ ըստ իր տեղեկությունների՝ ով մնացել է գյուղերում, բոլորին մորթել են։

«Ես ականատես չեմ եղել, մենք փախել ենք»,-ասաց նա։

Տիկին Լյուդմիլան նշում է, որ այն օրը, երբ «ընկել է» Քարվաճառն իր դեմքին այլևս ժպիտ չի եղել։

«Ես գիտեի, որ այս օրը մեզ Լաչինում սպասվում է»։

——————————————————————————————————————

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։

Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․

Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]

Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter

Մանրամասները՝ տեսանյութում։

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։

 Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել