«Մտեք գերեզմանոցները, նայեք քարերի թվերին, դարին․ այդ ժամանակ պարզ կլինի՝ Արցախն Ադրբեջան է, թե Արցախը Հայաստան է»․ Անուշ Մուսայելյան

Անուշ Մուսայելյանն Արցախի դպրոցներից մեկում է աշխատել։ Սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանի հարձակումը սկսվել է, մարզադահլիճում է եղել։

«3-4 պատերազմ եմ տեսել, բայց այս անգամ պայթյունի ձայները ուրիշ էին։ Ոնց որ ծափահարեին»,-պատմում է նա Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում։

Անուշն աշակերտների հետ իջել է դպրոցի ապաստարան, այնուհետև Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը եկավ մի քանի տղաների հետ ու ասաց, որ տեղափոխվենք վարչակազմի շենքի նկուղ։ Բնակիչները գնացին այնտեղ, այնուհետև՝ մշակույթի տան նկուղ՝ իր ընտանիքի մոտ։

«Թոռնիկներիս հետ էի։ Հարսս հիվանդանոցում էր, ծնվում էր 4-րդ երեխան։ Նա ծնվեց սեպտեմբերի 24-ին։ Ամբողջ օրն այդպես անցկացրինք, տղաները դիրքերում էին։ Շատ դաժան էր ու անհույս։ Ժողովուրդը հուսահատված էր։ Նախորդ պատերազմների ժամանակ մենք մեզ հույս էինք տալիս, որ կկանգնենք մինչև վերջ։ Բայց այս անգամ․․․տղաներս դիրքերում էին, ասացի՝ վերջ, սա արդեն վերջն է, հոգնել ենք։ Երեխան ծնվեց, ասեցին՝ եկեք, երեխային տարեք։ Հիվանդանոցում մարդ չկար։ Վերցրինք երեխային ու գնացինք Ստեփանակերտ»,-նշում է մեր զրուցակիցը։

Այնուհետև ընտանիքը վառելիք է գտել ու սեպտեմբերի 26-ին բռնել գաղթի ճամփան։ Հակարիի կամրջի անցակետում են ադրբեջանցիների հանդիպել։ Անուշը նշում է, որ Արցախից բերել է իր երեխաներին, թոռների ու «մի ձեռք շոր»։ Թողել են 2 տուն, ավտոմեքենան, հավանոցը և նռնաբաղը․ «Մեծ այգի ունեինք, որտեղ նուռ, սալոր, բալ, խնձոր, սերկևիլ, տանձ, հոն, զկեռ․․․ամեն ինչ աճում էր»։

Կինը Ադրբեջանի առաջարկած, այսպես կոչված ինտեգրացիայի մասին չի էլ ուզում լսել․ «Չեմ կարծում, որ դա հնարավոր է։ Ծանոթ ունեմ, որ իր 2 տղաներին կորցրել է։ Չեմ պատկերացնում, որ Աղասյանների մայրը կողմ լինի այդ ինտեգրացիային»։

Նշում է, որ ՄԱԿ-ից կամ միջազգային այլ կազմակերպություններից որևէ ակնկալիքներ չունեն։

«Եթե մարդ տեսել է այն մեքենաների հոսքը գիշերով, լույսերը վառած․․․չկա որևէ մեկը, թեկուզ տեղի իշխանություններից, Արցախի, Հայաստանի մեր ղեկավար մարմիններից մեկը, էլ ուր մնաց ինչ-որ բան սպասենք ՄԱԿ-ից։ Ոնց կարելի է ապրել մեկի հետ, որը քեզ անընդհատ պետք է հիշեցնի, որ պարտվել ես, ով պետք է ասի՝ Ղարաբաղը Ադրբեջան է։ Այդ մի նախադասությունը, որը Շուշիի մոտ գրած է, հունից հանում է ինձ։ Ես չեմ կարողանում տանել, որ ասում են՝ Ղարաբաղն Ադրբեջան է։ Մտեք գերեզմանոցները, նայեք գերեզմանոցի քարերի թվերին, դարին։ Պարզ կլինի այն ժամանակ՝ Արցախն Ադրբեջան է, թե Արցախը Հայաստան է»,-պատմում է Անուշը, ով ընտանիքով հաստատվել են Արզնիում։

Մեծ թոռը հորը խնդրել է տունը նկարել․ «Էդ մի նկարն է մեր հիշողություններում մնացել»։


Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։

Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․

Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]

Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել