«Ադրբեջանցիները երկու բարեկամիս գլուխը կտրել են, բա դա ցեղասպանություն չի՞»․ Արցախից բռնի տեղահանված

Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Էրիկ Առուշանյանը Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում՝ խոսելով շրջափակման մասին, նշեց, որ երեխաները կիսասոված են եղել և, որ դա մտածված է եղել Ադրբեջանի կողմից, որ կարողանան հայաթափել, տեղահանել, և դա նրանց մոտ ստացվել է։

«Սեպտեմբերի 19-ին, երբ սկսվեցին դեպքերը, դիրքերի վրա խփեցին, գյուղի երիտասարդները պետք է օգնության գնային։ Գյուղի ներքևում հավաքվում էին, որ գնային հասնեին, թե ինչ զենքով են խփել, բոլորին կոտորել են, շատ զոհ է եղել, եղել է, որ այրվել են, անճանաչելի են դարձել։ Ընտիր երիտասարդներ են զոհվել։ Մեր բարեկամն ասաց, որ գյուղապետն ասել է՝ տարհանում, ով ինչ ձև ուզում է, թող դուրս գա։ Գնացինք Ստեփանակերտ, երկու օր մնացինք այնտեղ։ Հետո գյուղապետի հետ ուրիշ մեքենայով հասել ենք գյուղի տակը, ասում էին, որ գյուղից վերև արդեն թուրքեր կան։ Տեսել ենք իրենց շարժը։ Մտել ենք իմ տուն, տեսել ենք իմ թաքստոցը ջարդված, փող կար մեջը, տեսա, որ դա չկա։ Անասուններին բաց էին թողել, արյան հետքեր կային, երևի թռչուն են մորթել։ Մի կերպ, ինչ որ կարողացել եմ վերցրել եմ։ Այնպիսի վիճակ էր ստեղծվել, որ ամեն մեկն իր գլխի ճարը պետք է տեսներ։ Անկազմակերպ վիճակ էր։ Մի զինվորական իր մեքենան տվեց, ասաց՝ երեխաներին տարեք։ 37 հոգի այդ մեքենայի մեջ դուրս ենք եկել»,-պատմեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ երբ անցել են Հակարիի կամուրջը, ադրբեջանցիները ծաղրել են, հայհոյել։

Անդրադառնալով ադրբեջանցիների վերաինտեգրման առաջարկներին՝ մեր զրուցակիցն ասաց, որ իրենք ոչ մի դեպքում չեն վերադառնա։

«Դա մաքուր ցեղասպանություն է եղել։ Ռուսն ինչո՞ւ չօգնեց, արտասահմանցին ինչո՞ւ չօգնեց։ Թող առանձնացնեին, կարգավիճակ տային, ապրեինք այնտեղ։ Տրակտորով եկեղեցիները, տները հողին էին հավասարեցնում, դրանից հետո ես կարո՞ղ եմ գնալ նրանց հետ ապրել։ Ամեն մարդու համար ծննդավայրը սրբավայր է։ Այնտեղ գերեզմաններ ունեինք, այնտեղ տուն ենք թողել, բայց մենք եկել ենք մայր Հայաստան։ Եվ շնորհակալ ենք, որ այս կերպ ընդունել են մեզ։ Երկու բարեկամ թաղեցի Եռաբլուրում, երկուսի գլուխն էլ կտրած։ Դա ցեղասպանություն չի՞։ Յուրաքանչյուրս մեր կաշվի վրա զգացել ենք՝ ինչ է ցեղասպանությունը»,-ասաց նա։

Պարոն Էրիկն ասում է, որ ադրբեջանցիները սետեմբերի 19-ին հրահրած ագրեսիայի ժամանակ արգելված զենքեր են օգտագործել։

Նա նշում է, որ իր ընտանիքն այս պահին պառակտված է և իրենք տան խնդիր ունեն և խնդրում, որ պետությունը տուն տա։

——————————————————————————————————————

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։

Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․

Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]

Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter

Մանրամասները՝ տեսանյութում։

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։

Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել