Արցախից տեղահանված Կոլյա Հայրապետյանը Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում պատմել է, որ տեղահանվել է Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից։
Մեր զրուցակիցը հիշեցնում է՝ Հաթերքն Արցախի ամենամեծ և ամենահին գյուղերից մեկն է։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հարձակման ժամանակ Կոլյա Հայրապետյանը աշխատավայրում է եղել, նշում է՝ կարծես կարկուտ տեղար։ Բնակիչներին տեղափոխել են ապաստարան, գյուղը 7 զոհ է տվել։ Բոլորի անունները հիշում է, նրանցից մեկը Կոլյայի հորեղբոր տղան է եղել։
«Գյուղում ոչ մեկը տեղյակ չէր, որ պետք է տեղահանվեն։ Միանգամից ասեցին, որ պետք է 15-20 րոպեի ընթացքում տեղահանվեն։ Խուճապ ստեղծվեց, մարդիկ չեն կարողացել իրենց իրերը հավաքել։ Գյուղն այդպես տեղահանեցին։ Շատ պատահական ձևով։ Ու նենց հայտարարեցին, որ շուտ արեք, թե չէ տանկերով մտնելու են գյուղը։ Գյուղի բնակչությունը գնացել է Ստեփանակերտի օդանավակայան, որտեղ տեղակայված էր ռուսական խաղաղապահ զորքը։ Այնտեղ ոչ մի բան չկար։ Մարդիկ դրսում, հողերի վրա, խոտերի վրա, ծառերի տակ, մեքենաների մեջ․․․3 օր այնտեղ մնալուց հետո, սոված, ծարավ․․․ասեցին, որ ճանապարհ են բացում դեպի Երևան»,-հիշում է նա։
Կոլյա Հայրապետյանի խոսքով՝ Արցախի կառավարությունը ոչինչ չի արել մարդկանց համար, անգամ չի օգնել կազմակերպել նրանց՝ Արցախից դուրս գալը։ Ճանապարհը մարդիկ անցել են 2-2,5 օրում։ Մեր զրուցակիցը նշում է, որ այդ ճանապարհին նրանց անգամ «մի բաժակ ջուր տվող» չի եղել․ «Արցախ աշխարհն այսքան դառը օրեր չէր տեսել երբեք։ Անտերության մատնված ժողովուրդ էինք»։
Տղամարդն Արցախում է թողել 5 հարկանի տուն, կենդանիներ․ «Մեր կյանքն ենք թողել Արցախում։ Ես չեմ համարում, որ մենք հիմա ապրում ենք։ Ամեն օր մեր մտքերով մեր հայրենիքում ենք։ Գոյատևում, շնչում ենք այստեղ»։
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։
Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․
Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]
Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։