«Պատրաստ եմ եղել պատերազմին, բայց պատրաստ չեմ եղել տեղահանվելուն, հանձնվելուն»․ արցախցի

Անգելինա Էմիրյանը ընտանիքի հետ բռնի տեղահանվել է Ստեփանակերտից։ Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում նա պատմել է, որ սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի հարձակման օրը տանն է եղել, իր 2 երեխաների հետ, աղջիկը դպրոցում էր։

«Ամուսինս անմիջապես գնաց երեխայի հետևից դպրոց։ Հետո միասին իջել ենք նկուղ։ Ամբողջ օրն անընդհատ գնդակոծում էին, մի վայրկյան չէին դադարում։ Առավոտյան 7-ին դուրս եմ եկել, բայց դեռ ռմբակոծում էին։ Ուղղակի այլևս չենք կարողացել երեխաների հետ այնտեղ մնալ, մի քիչ հետո նորից իջանք նկուղ»,-Անգելինայի խոսքով՝ հրադադարից հետո տան են մնացել, մինչև կարողացել են դուրս գալ Արցախից։

Այդ օրերին ոչ գազ է եղել, ոչ լույս։ Փայտի վառարաններով էին ուտելիք պատրաստում։ Սեպտեմբերի 26-ի առավոտյան դուրս են եկել Ստեփանակերտից։ 28-ին հասել են Արզնի, որտեղ էլ ապաստանել են․ «Արցախում թողել ենք մեր տունը, խանութը, որի 2-րդ հարկում գրասենյակ է եղել։ Պապաս թողել է 2 տուն։ Մենակ մի քանի տաք շոր ենք վերցրել երեխաների համար ու եկել այստեղ»։

Նա նշում է, որ ադրբեջանցիների հետ ապրել չեն կարող, դա նրանց «կարմիր գիծն» է եղել, 120 հազար հայ մի քանի օրում բռնի տեղահանվել է Արցախից։

Անգելինան դեռ չի պատկերացնում, թե ինչպես պետք է ապրեն Հայաստանում։  Ասում է՝ դեռ հոգեբանական այնպիսի վիճակում են, որ դեռ չեն կողմնորոշվում։ ՄԱԿ-ից կամ միջազգային այլ կազմակերպություններից կինը ոչ մի ակնկալիք չունի։

«10 ամիս բլոկադայում ենք եղել, ոչ մի միջազգային կազմակերպություն, ոչ մեկ մեզ չի օգնել։ Ես սպասել եմ, որ պատերազմ է լինելու։ Պատրաստ եմ եղել պատերազմին, բայց պատրաստ չեմ եղել տեղահանվելուն, հանձնվելուն։ Հույս եմ ունեցել, որ ինչ-որ բան կլուծվի, միջազգային հանրությունը չի թողնի մեզ բլոկադայի մեջ։ Մարդիկ նույնիսկ վիրավորներին չէին կարողանում բերել հիվանդանոց։ Հավասար պայմաններում չէինք»,-պատմում է նա։

Անեգլինայի խոսքով՝ 2020-ի պատերազմից հետո, հղի վիճակում նա վերադարձել է Ստեփանակերտ, իրենց տուն։ Չեն մտածել այլ տեղ գնալու մասին․ «Սպասել ենք, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ցավոք, այդպես չեղավ»։


Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։

Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․

Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]

Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել