Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը ստացավ 32 կողմ, 5 դեմ ձայն և ընտրվեց Երևանի քաղաքապետ։
Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել երևանցիներին, բոլոր այն մարդկանց, ովքեր 2023 թ. սեպտեմբերի 17-ին գնացել են ընտրատեղամասեր, իրենց ձայնը տվել են մեր քաղաքական ուժին, նաև նրանց, ովքեր իրենց ձայները տվել են մյուս քաղաքական ուժերին:
Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ավագանու անդամներին, ովքեր այսօր ընտրեցին քաղաքապետ և ես խոստանում եմ ծառայել Երևանին, ՀՀ-ին՝ բոլոր այն սկզբունքների հիմքով, որոնք դեռ 2018 թ.-ից մենք հայտարարել ենք»,-իր ելույթում նշեց Ավինյանը:
Քվեարկությանը մասնակցել են «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Հանրային ձայն» խմբակցությունները:
Նիստը բոյկոտել են «Մայր Հայաստանը» և «Ազգային առաջընթացը»:
Iravaban.net-ը ներկայացնում է նրա կենսագրությունը․
Ծնվել է 1989թ. փետրվարի 28-ին, Երևանում:
2009թ. ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի բակալավրիատը, 2011թ.` նույն համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրան (տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով), 2014թ.` Լոնդոնի «Քուին Մերի» համալսարանը՝ ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում:
2009-2013թթ. եղել է Զարգացման հայկական բանկում բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ:
2010-2011թթ.՝ ոռոգման համակարգերի տեղադրմամբ և լանդշաֆտային դիզայնով զբաղվող «Իրիգեյթ» ընկերության հիմնադիր և ղեկավար։
2014-2016թթ. եղել է «Շիրակ» տեխնոլոգիական ընկերությունում թվայնացման համակարգերի խորհրդատու։
2014-2018թթ.՝ ծրագրային ապահովմամբ զբաղվող «Սայբեր Վիժըն» ընկերության ղեկավար։
2016թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:
2017-2018թթ. եղել է Երևան քաղաքի ավագանու անդամ «ԵԼՔ» խմբակցությունից։
2018-2021թթ.՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ։
2019թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:
2019թ.-ից հանդիսանում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) տնօրենների խորհրդի նախագահ:
2020-2021թթ. COVID-19 համավարակի հետևանքով հաստատված արտակարգ դրության ժամանակ նշանակվել է ՀՀ պարետ:
2021թ.-ից հանդիսանում է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (R2E2) հոգաբարձուների խորհրդի նախագահ:
2022թ.-ին եղել է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ խորհրդի անդամ:
2022թ.-ից հանդիսանում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ։
2022թ. սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու որոշմամբ նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է (2014թ.):
Պարգևատրվել է ՀՀ ՊՆ պատվոգրով (2016թ.):
Ամուսնացած է, ունի երեք դուստր: