Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Լաուրա Աբրահամյանը Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում պատմեց, որ 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով իրենք թողել էին իրենց գյուղը և եկել Հայաստան։ Հրադադարից հետո վերադարձել էին Արցախ։
«Մեծ հույսերով վերադարձանք Արցախ ու չէինք պատկերացնում, որ նման բան կլիներ ու նորից կարող էինք հեռանալ Արցախից։ Այն էլ այս վիճակում։ Վերադարձել էինք մեր Ճանկաթաղ գյուղ, սկսեցինք աշխատել, շարունակել մեր առօրյան։ Վախ կար, մեր գյուղը դարձել էր սահմանամերձ, հաճախ էին «համար մեկ» տալիս, տղաներին հավաքում։ Վախ կար, բայց շարունակում էինք հույսով ապրել»,-ասաց նա:
Լաուրան Ճանկաթաղի դպրոցում աշխատել է որպես մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցչուհի։ Նա նաև պատմեց, թե ինչ ճանապարհով են գյուղից փախել, երբ սեպտեմբերի 19-ին թշնամին հերթական ագրեսիան սանձազերծեց՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
«Դպրոցում էինք, ժամը մեկին արդեն դուրս էինք եկել, դպրոցի դարպասների մոտ էինք, երբ թշնամին սկսեց կրակել տարբեր տեսակի զենքերով։ Շատ վախեցանք, երեխաները մեզ հետ էին, մի կերպ հասանք դպրոցի մոտակայքի տները, թաքնվեցինք, մինչև որ մի քիչ հանդարտվեց։ Երեխաների կեսին մեքենաներով տեղահանեցին հարևան գյուղ։ Մենք սպասում էինք, որ հաջորդը մենք կտեղահանվենք, բայց արդեն 4-5 ժամ հետո թշնամին գյուղում էր։ Երբ մութն ընկավ, երեխաների հետ գիշերով ճանապարհ ընկանք հարևան գյուղ։ Մոտ երկու ժամ ճանապարհ գնալուց հետո որոշեցինք մնալ անտառում, 2-3 ժամ մնացինք, հետո նորից շարունակեցինք ճանապարհը։ 5-6 ժամ ճանապարհ անցնելուց հետո հասանք Վարդաձոր գյուղ։ Գիշերը մնացինք այնտեղ, առավոտյան ժամը 8-ն էր, երբ ասացին, որ թշնամին հասել է Վարդաձոր։ Նцրից ոտքով ճամփա ընկանք, էլի անտառներով։ Չգիտեմ՝ այդ պահին ինչ էինք զգում, վախ էինք զգում, թե․․․ չգիտեմ, թե այդքան ուժը մեր մեջ որտեղից, երեխաների մեջ որտեղից, որ կարողացան հաղթահարել այդ ճանապարհները, հրաշքով փրկված մարդիկ ենք»,-պատմեց նա։
Լաուրան նշում է, որ իրենք 23 ժամ ճանապարհ են անցել։
«Դժոխային ճանապարհ էր, չէին սպասում, որ այդքան երկար կլինի, չէինք պատրաստվել։ Շատ դժվար էր ամեն բան։ Հետո Գորիսում մեզ շատ ջերմ դիմավորեցին։ Շատ շնորհակալ ենք բոլորին»,-ասում է նա։
Մեր զրուցակիցը նշում է, որ իրենք վստահությունը կորցրել են և՛ ՄԱԿ-ի նկատմամբ, և՛ Եվրոդատարանի նկատմամբ, և՛ Եվրախորհրդարանի նկատմամբ։
«Բոլոր այդ միջազգային կառույցների գործողությունները մենք համարում ենք բեմադրություն, քանի որ մենք 9 ամիս շարունակ սպասել ենք իրենց գործողություններին, տարբեր տառապանքների միջով անցել ենք և սպասել ենք, որ մի որոշում կկայացնեն, մի լույս կծագի, մենք հավատով ենք սպասել, որ մի լավ բան կլինի, բայց մենք ուրիշ բան տեսանք, ավելի վատը տեսանք, որ երբեք չէինք էլ սպասւմ այդքան զրկանքներից հետո։ Չենք հավատում որ մի միջազգային կազմակերպության»,-ասաց նա։
Լաուրան ունի անչափահաս երեխաներ, որոնք սարսափելի ապրումներ են ունեցել։
«Երբ եկել էինք այստեղ, փոքր աղջիկս ասաց՝ մամ, այստեղ լավ ենք թաքնվել չէ՞, թուրքերը մեզ էլ չեն գտնի։ Անտառով այնքան վախեցած փախանք, ուզում էինք թաքնվել, որ մեզ ոչ մի տեղ չգտնեն և երբ հասանք այստեղ, արդեն ինքը տեսավ, որ էլ մեզ թուրքերը չեն գտնի։ Մի քանի օր հետո ասաց՝ մամ, ուզում եմ վերադառնալ մեր գյուղ, ասացի՝ մեր գյուղում այսքան լավ բաներ չկան, մեզ մոտ բլոկադա է, ասաց՝ ոչինչ մեզ հետ կտանենք»,-հիշում է մեր զրուցակիցն ու տխուր ժպտում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։
Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․
Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]
Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter