«Խցանում» մետրոյում․ ինչու՞ են ուշանում գնացքները

Երևանի մետրոպոլիտենի կայարաններում մարդիկ 10 րոպե և ավել սպասում են գնացք մտնելու համար։ «Գարեգին Նժդեհ» կայարանից արդեն դժվար է մտնել գնացք, ուղևորների մի մասը սպասում է հաջորդ գնացքին։ Նրանք բողոքում են, որ գնացքները մոտենում են 7-10 րոպե պարբերականությամբ, լինում է՝ ավելի ուշ։

Iravaban.net-ի հետ զրույցում Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը նշեց, որ խնդրի մասին տեղյակ են։

«Մետրոպոլիտենի գնացքները տեխնիկական զննում են անցնում։ Այն գնացքները, որոնք անցել են զննությունը, սարքին են և անվտանգ երթևեկության համար՝ գիծ են դուրս գալիս։ Դա է պատճառը, որ գնացքների ժամանման ժամանակահատվածը երկարել է։ Տեխնիկական խնդիր կա, սպասում ենք վերանորոգման, որոշ մասեր պետք է ձեռք բերվեն»,-ասաց Տաթև Խաչատրյանը։

Բացի առկա տեխնիկական խնդիրը, Մետրոպոլիտենից նշում են, որ վերջին օրերին ուղևորահոսքը ևս զգալի ավելացել է։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին, Երևանի մետրոպոլիտենից հայտնել էին, որ «Սասունցի Դավիթ» կայարանից «Գործարանային» կայարան ուղեհատվածում տեղի էր ունեցել գնացքի տեխնիկական խափանում։ Վագոնի առջևի ձախակողմյան անիվը վնասվել էր և կիսով չափ դուրս էր եկել ռելսից։ Ամբողջ օրվա ընթացքում փրկարարները մետրոպոլիտենի մասնագետների հետ աշխատանքներ են իրականացրել՝ վագոնը ռելսերի վրա տեղափոխելու և բնականոն երթևեկությունն ապահովելու ուղղությամբ։

Սեպտեմբերի 24-ին մետրոն ամբողջությամբ փակ էր, որպեսզի հնարավոր լիներ կատարել գնացքների տեխնիակական զննություն։

«Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,-նշում են Երևանի մետրոպոլիտենից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել