ՀՀ քաղաքացին կհաղթի անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության, երջանկության և ազատության համար մղվող այս պայքարում․ Նիկոլ Փաշինյան

Վերջին տարիներին տեղի ունեցած մի շարք իրադարձություններ մեզ բոլորի իրադրությունը՝ գնահատելու, վերագնահատելու հետևություններ անելու հրամայականի առաջ են կանգնեցրել։ Այս մասին իր ուղերձում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում, ի՞նչ է տեղի ունենում և ի՞նչ պետք է տեղի ունենա․ սրանք են այն հարցերը, որոնց պատասխանները ռազմավարական են ապագային համար։ Վերջին տարիներին ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումները ակնհայտ եզրակացության են բերում, որ արտաքին անվտանգության այն համակարգերը, որոնցում ներգրաված ենք, արդյունավետ չեն ՀՀ-ի պետական շահերի և անվտանգության տեսակետից։ Սա երևաց թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում, թե՛ 2021 թվականի մայիսի ու նոյեմբերի իրադարձությունների ժամանակ, թե 2022 թվականի սեպտեմբերին և ցանկը դեռ կարելի է շարունակել։ 2020 թվականի դեկտեմբերին Լեռնային Ղարաբաղի Խծաբերդի և Հին Թաղերի գրավումն ու 60-ից ավել հայ զինծառայողների գերեվարումը, Փառուխի դեպքերը, ԼՂ հայ բնակչության ակաբեկման բազմաթիվ արտահայտությունները, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, սեպտեմբերի 19-ին հարձակումը ԼՂ-ի վրա լրջագույն հարցեր են բարձրացնում նաև ԼՂ-ում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի գործունեության նպատակների և մոտիվների մասին։

Ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ ԼՂ հայությունը այսօր էլ էթնիկ զտումների վտանգի առաջ է։ Վերջին օրերին ԼՂ հումանիտար բեռների մուտք է տեղի ունեցել, բայց դա իրադրությունը չի փոխում, և, եթե ԼՂ հայերի իրենց տներում ապրելու իրական պայմաններ և էթնիկ զտումներից պաշտպանության գործուն մեխանիզմներ չստեղծվեն, հավանականությունը, որ ԼՂ հայերը իրենց կյանքն ու ինքնությունը փրկելու միակ միջոց կտեսնեն հեռացումը իրենց հայրենիքից չափազանց մեծանում է։ Իրադարձությունների նման զարգացման պատասխանատվությունը ամբողջությամբ կընկնի էթնիկ զտումների քաղաքականությունը որդեգրած Ադրբեջանի և ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի վրա։ Իհարկե Հայաստանի կառավարությունը միջազգային գործընկերների հետ աշխատում է ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների ձևավորման վրա, բայց եթե այդ ջանքերը կոնկրետ արդյունքներ չտան, կառավարությունը ԼՂ մեր քույրերին և եղբայրենրի ամենայն հոգատարությամբ կընդունի ՀՀ-ում։

Սրանով սակայն վերը հիշատակված հարցերը ոչ միայն չեն հասցեագրվի, այլև ավելի կսրվեն։ Հայաստանի Հանրապետությունն իր դաշնակցային պարտավորություններից երբեք չի հրաժարվել և իր դաշնակիցներին երբեք չի դավաճանել։ Բայց իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ անվտանգության այն համակարգերը և այն դաշնակիցները, որոնց վրա երկար տարիներ մենք հույս ենք դրել, մեր խոցելիություններն ի ցույց դնելու և հայ ժողովրդի անկախ պետություն ունենալու անհնարինությունը հիմնավորելու խնդիր է դրել։ Ընդ որում՝ նման քաղաքականությունն ամենևին էլ կապ չունի 2018 թվականին ՀՀ-ում տեղի ունեցած ժողովրդավարական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ հաստատված կառավարության հետ և այդ քաղաքականության դրսևորումները մենք պարբերաբար տեսել ենք վերջին տասնամյակներում։ Այդ քաղաքականության արտահայտություն էր նաև 2016 թվականի 4-օրյա պատերազմը, 2014-2015 թվականներին տեղի ունեցած սահմանային լարումները և այլն։

Մենք Հայաստանի անկախությունը կասկածի տակ դնող ձևակերպումներին երբեք չենք համաձայնվել, բայց մտահոգիչ է այն, որ անկախ, ինքնիշխան, ազատ և ժողովրդավարական Հանրապետություն ունենալու մեր կամքին ականջալուր լինելու փոխարեն մեր որոշ գործընկերներ անվտանգության ոլորտում մեր խոցելիությունն ի ցույց դնելու գործում ավելի ու ավելի մեծ ջանքեր են գործադրում։ Հիմա արդեն հարվածի տակ դնելով ոչ միայն մեր արտաքին, այլև ներքին անվտանգությունն ու կայունությունը՝ այս ընթացքում խախտելով դիվանագիտական, միջպետական հարաբերությունների էթիկայի կոռեկտության բոլոր նորմերը, ընդհուպ՝ պայմանագրերով ստանձնած պարտավորությունները։

Այս քայլերին ի պատասխան մենք կոչ ենք անում և հորդորում ենք մեր գործընկերներին՝ հարգել մեր պետությունն ու ինքնիշխանությունը և մեր վճռական կամքն են արտահայտում ուժեղացնելու մեր պետականությունը, ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը, արտաքին և ներքին անվտանգությունը։ Միջազգային հանրությանը կոչ ենք նում անսասան աջակցություն հայտնել Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողաջականությանն ու ժողովրդավարությանը։

Մենք ձեռնարկելու ենք բոլոր միջոցները մեր անկախությունը պաշտպանելու համար; Այս առումով անհրաժեշտ է՝ վերափոխել, լրացնել, հարստացնել ՀՀ արտաքին և ներքին անվտանգության գործիքները՝ համագործակցելով փոխշահավետ քայլերի պատրաստ բոլոր գործընկերների հետ։ Մենք այս շարում ենք դիտում ոչ միայն բանակի և անվտանգության ուժերի խորը և համապարփակ բարեփոխումները, այլև 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի և 2023 թվականի մայիսի 14-ի Բրյուսելի պայմանավորվածությունների դեյուրե արձանագրումը, որ Խորհրդային Հայաստանի վարչական սահմանները դեյուրե ձևակերպում են որպես ՀՀ պետական սահման։ Մենք այս շարքում ենք դիտում նաև Հռոմի ստատուտի վավերացումը, որը Հայաստանի Հանրապետությանը հնարավորություն կտա արտաքին անվտանգության ապահովման գործում՝ օգտվել նաև Միջազգային քրեական դատարանի հնարավորություններից։

Հռոմի ստատուտի վավերացնելու որոշումը մենք կայացրինք 2022 թվականի դեկտեմբերին, երբ բոլորիս համար ակնհայտ դարձավ, որ ՀԱՊԿ և հայ-ռուսական ռազմավարական գործընկերության գործիքները բավարար չեն Հայաստանի արտաքին անվտանգությունն ապահովելու համար և այդ որոշումը որևէ կերպ ուղղված չէ ՀԱՊԿ-ի կամ ՌԴ-ի դեմ, դա բխում է մեր արտաքին անվտանգության շահերից և նման որոշում կայացնելը մեր սուվերեն իրավունքն է։

Հայաստանը պետք է լինի խաղաղ, զարգացած, երջանիկ, ազատ և ժողովրդավարական պետություն, բայց այս ճանապարհին անհրաժեշտ է վերահաստատել ազատ և ինքնիշխան պետություն լինելու մեր կամքը և մենք գնում ենք այդ ճանապարհով՝ հարգելով մեր բոլոր գործընկերներին , բայց և նույնպիսի հարգանք ակնկալելով մեր ժողովրդի, մեր պետության մեր ինքնիշխանության, մեր ազատության նկատմամբ։

Վերջին տարիներին և այսօր էլ մեզ հետ տեղի ունեցող իրադարձությունների խորքային իմաստը հենց սա է․ Հայաստանը լինելու է ինքնիշխան,ազատ, ժողովրդավարական պետությո՞ւն, թե վախվորած ծայրագավառ։ Արդեն գրեթե բաց և թափանցիկ այս ընտրությունն է դրվում Հայաստանի ներքաղաքական դաշտում, և ամեն քաղաքացի պետք է ընտրություն կատարի ինքը անկախության պաշտպանության շարժման մասնակից է, թե ծայրագավառային հնազանդության։ Ես ՀՀ վարչապետն եմ, հետևաբար առաջնորդում եմ անկախության պաշտպանության շարժումը, եթե չլինեի վարչապետ, որպես քաղաքացի՝ կգնայի Հայաստանի անկախության շարժումն առաջնորդող վարչապետի հետևից՝ իմանալով, որ հեշտ չի լինելու, բայց լինելու է, որովհետև Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ես եմ, Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես։ ՀՀ քաղաքացին չի կորցրել և չի կորցնի իր հպարտությունն ու հաստատակամությունը և ՀՀ քաղաքացին կհաղթի անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության, երջանկության և ազատության համար մղվող այս պայքարում։

Փառք նահատակներին և Կեցցե Հայաստնի Հանրապետությունը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել