Lեմկինի ինստիտուտն ահազանգում է` արցախահայությունը գտնվում է ցեղասպանության կրիտիկական վտանգի տակ

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը կրկին  ահազանգում է, որ  արցախահայությունը գտնվում է  ցեղասպանության կրիտիկական վտանգի և Ադրբեջանի  զինված ուժերի լծի տակ։

«Սեպտեմբերի 20-ին և 21-ին Ադրբեջանի կողմից իրականացված մի շարք ավիահարվածներից, անօդաչու թռչող սարքերի հարձակումներից և քաղաքացիական բնակեցված տարածքների զանգվածային գնդակոծումից հետո Արցախի սարսափած բնակիչները հայտնվել են ադրբեջանական զինուժի պատանդի կարգավիճակում՝  չունենալով անկլավից ելքի ուղիներ։

Այս պահին իրավիճակը անորոշ է։ Ադրբեջանը դադարեցրել է Արցախում էլեկտրաէներգիայի, բնական գազի և հեռահաղորդակցության բոլոր ծառայությունները (հեռախոս, համացանց):

Չհաստատված տեղեկություններ կան վայրագությունների և սպանությունների մասին: Ադրբեջանական սոցիալական մեդիա ալիքները բացահայտորեն սպառնացել են քաղաքացիներին վիրավորանքներով,  ինչպես նաև կան  մահվան բազմաթիվ սպառնալիքներ անհետ կորած հայ կանանց և երեխաների հասցեին։

2023 թվականի սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը համաձայնության չի եկել: Անվտանգության խորհրդի կողմից ոչ մի քայլ չի ձեռնարկվել շարունակվող, անընդհատ փոփոխվող ճգնաժամը լուծելու համար:

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը միջազգային հանրությանը կոչ է անում անհապաղ գործել՝ օգնելու ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը, ներառյալ ինչպես քաղաքացիական, այնպես էլ Արցախի պաշտպանության բանակի զինաթափված անդամների, որ հանցագործություն չեն կատարել։ Մինչդեռ Ադրբեջանը պնդում է, որ Արցախի Պաշտպանության բանակի զինվորները և Արցախի խաղաղ բնակչությունը, ընդհանուր առմամբ, «ահաբեկիչներ» և «անօրինական սեպարատիստներ» են: Այս պնդումները կեղծ են և հերքվում են Լեռնային Ղարաբաղի շրջանի պատմությամբ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «միայն» թիրախավորում է Արցախի Հանրապետության դեմոկրատական իշխանության «հանցավոր խունտան»:

Մեծ է հավանականությունը, որ Արցախի ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության և Արցախի պաշտպանության բանակի ցանկացած նախկին անդամ, ով կհայտնվի Ադրբեջանի ձեռքում, կարժանանա դաժան բռնությունների, խոշտանգումների և կսպանվի։ Ադրբեջանը վայրագություններ է իրականացրել գրեթե բոլոր հայ խաղաղ բնակիչների և ռազմագերիների նկատմամբ, որ գերի են ընկել  2016, 2020 և 2022 թվականների պատերազմներում: Ոչ մի պատճառ չկա մտածելու, որ այդ ուժերը այլ կերպ կվարվեն 2023 թվականին:

Լեմկինի ինստիտուտը սարսափած է այն ամենից, ինչ աշխարհը թույլ է տվել, որ տեղի ունենա արցախահայության հետ՝ չնայած ցեղասպանությունների կանխարգելման գրեթե բոլոր փորձագետների և հասարակական կազմակերպությունների կողմից տարիներ շարունակ նախազգուշացումներին, որոնք կանխագուշակել էին միջազգային հանրության դիտավորյալ կուրության պայմաններում տեղի ունեցող աղետը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել