Ռուս խաղաղապահները ջանքեր են գործադրել՝ օգնելու Արցախի բնակիչներին հեռանալ վտանգավոր տարածքներից։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը։
Կրեմլի ներկայացուցչին հարցրել են, թե Ռուսաստանը կարող է ընդունել Արցախի տարհանված բնակիչներին։ «Մենք դեռ չգիտենք, թե ինչ անհրաժեշտություն կառաջանա։ Մեր խաղաղապահները մատուցել են բոլոր անհրաժեշտ ծառայությունները և ջանքեր են գործադրել՝ օգնելու այդ մարդկանց հեռանալ վտանգավոր տարածքներից»,- արձագանքել է մամուլի քարտուղարը։
«Մենք ելնում ենք նրանից, որ այժմ կսկսվի կայուն հրադադարի շրջան, պայմաններ կստեղծվեն տեղահանվածների իրենց բնակության վայրեր վերադառնալու համար»,- ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ բանակցություններ են ընթանում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև։ «Իհարկե, նրանք խոսում են մեր խաղաղապահների ներկայությամբ և, իհարկե, խոսում են այն մտահոգությունների մասին, որոնք կարող են ունենալ արցախցի հայերը»,- պարզաբանել է Պեսկովը։