Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ է ունեցել և անդրադարձել Արցախում ստեղծված իրավիճակին։ Նա նշել է, որ պատմական հնարավորություն են ստացել Հարավային Կովկասում իբր խաղաղություն, հանգստություն և համագործակցություն հաստատելու ճանապարհին, փոխանցում է Ermenihaber-ը։
«Ի սկզբանե աջակցել ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացին։ Սակայն տեսնում ենք, որ Հայաստանն այս պատմական հնարավորությունը բավականաչափ չի գնահատում։ Սպասում ենք, որ Հայաստանը կատարի իր խոստումները՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման գործում»։
Թուրքիայի ղեկավարը հայտարարել է, որ արդեն բոլորն ընդունում են, որ Ղարաբաղը «ադրբեջանական հող է» և դրանից դուրս որևէ կարգավիճակի պարտադրումը երբեք ընդունելի չի լինելու իրենց համար։
«Բոլորի՝ ներառյալ հայերի՝ Ադրբեջանի տարածքներում խաղաղության մեջ, կողք-կողքի ապրելը մեր առաջնային նպատակը պիտի լինի։ Աջակցում ենք Ադրբեջանի՝ իր տարածքային ամբողջականության պահպանմանն ուղղված քայլերին։ Գործում ենք «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով»։