Զախարովան Հայաստանում «Վագներ»-ի մարտիկների գտնվելու մասին լուրերն անվանել է կեղծիք

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը կեղծիք է անվանել հայկական որոշ Telegram ալիքների հրապարակումներն այն մասին, թե «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության 3000 մարտիկները, իբր, Հայաստանում են և տեղական ուժերի աջակցությամբ պատրաստվում են հակակառավարական գործողություններ իրականացնել ու հեռացնել Հայաստանի վարչապետին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մարիա Զախարովան այս հարցին անդրադարձել է Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում կայացած ճեպազրույցում։

Զախարովան մատնանշել է նման հայտարարությունների անհիմն լինելը և համապատասխան ֆոտո և վիդեո նյութերի իսպառ բացակայությունը։

«Որտե՞ղ են նրանք, եթե խոսքը գնում է այս քանակությամբ մարդկանց մասին։ Չէ՞ որ սա միլիարդ բնակչություն ունեցող երկիր չէ։ Այս երկրի բնակչությունն այդքան մեծ չէ։ Եթե տեսնեին այդ մարդկանց, հավանաբար, կնկատեին։ Այս ամենը հերթական առասպելաբանության կատեգորիայից է։ Ես դա կարող եմ որակել որպես կեղծիք», – ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել