Մինչև ԱՄՆ մեկնելը` նախկին ավագ դատախազը մի շարք անձանցից գումար է վերցրել ու չի վերադարձրել

Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ դատախազության Կոտայքի մարզի դատախազության նախկին ավագ դատախազ Դ. Զ.-ի, քաղաքացիներ Մելանյա Ս.-ի և Սասուն Մ.-ի դիմումների հիման վրա հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ-ի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Դ. Զ.-ն իր դիմումներում նշել է, որ դատախազությունում աշխատած ժամանակաշրջանում` 2012 թվականի հունվարին, Կոտայքի մարզի դատախազի տեղակալի միջնորդությամբ վերջինիս բարեկամուհուց վերցրել է 5000 ԱՄՆ դոլար` ամսական 10 տոկոս տոկոսադրույքով: Հետագայում այդ գումարի տոկոսները վճարելու համար պարտքով այլ անձանցից ևս գումարներ է վերցրել ու ընկել է ծանր կացության մեջ:

Պարզվել է նաև, որ Դ. Զ.-ն 04.07.2013-ին ազատվել է դատախազության համակարգից` իր դիմումի համաձայն և ներկայումս գտնվում է ԱՄՆ-ում:

Միաժամանակ, Կոտայքի մարզի դատախազի տեղակալը և վերջինիս բարեկամուհին, իրենց բացատրություններում ժխտել են նախկին դատախազին պարտքով կամ տոկոսով գումար տրամադրելու հանգամանքը:

Բացի այդ, տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Դ. Զ.-ն մինչև ԱՄՆ մեկնելը, չարաշահելով մի շարք անձանց վստահությունը, նրանցից տարբեր պատրվակներով գումար է վերցրել ու չի վերադարձրել:

Այսպես, Դ. Զ.-ն քաղաքացի Սասուն Մ.-ից վերցրել է 8000 ԱՄՆ դոլար և չի վերադարձրել, իսկ քաղաքացի Մելանյա Ս.-ից, սկսած 2011 թվականի ապրիլից, տարբեր պատրվակներով վերցրել է մոտ 55 000 ԱՄՆ դոլար և կրկին չի վերադարձրել:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել