Կարգավորողի ազդանշաններն ունեն հետևյալ նշանակությունները`
1) ձեռքը բարձրացված է դեպի վեր` տրանսպորտային միջոցների երթևեկությունը և հետիոտների տեղաշարժն արգելված է` բացառությամբ կանոններով նախատեսված դեպքերի.
2) ձեռքերը պարզված են կողմ կամ իջեցված են`
ա. ձախ և աջ կողմերից ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրված է ուղիղ և դեպի աջ, տրամվայինը` ուղիղ: Հետիոտներին թույլատրվում է հատել երթևեկելի մասը կարգավորողի աջ և ձախ կողմերից,
բ. թիկունքի և կրծքի կողմից բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը և հետիոտների տեղաշարժն արգելված են.
3) աջ ձեռքը պարզված է առաջ`
ա. ձախ կողմից ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրված է բոլոր ուղղություններով, տրամվայինը` դեպի ձախ,
բ. կրծքի կողմից բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրված է դեպի աջ,
գ. թիկունքից և աջ կողմից բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է,
դ. հետիոտներին թույլատրվում է երթևեկելի մասը հատել կարգավորողի թիկունքի կողմով:
Ազդանշանների լավ տեսանելիության համար կարգավորողը կարող է օգտագործել ցուցաձող, այդ թվում` կարմիր ազդանշանով կամ լուսանդրադարձիչ սկավառակով, իսկ երթևեկության մասնակիցների ուշադրությունն իր վրա հրավիրելու համար` ազդանշան տալ նաև սուլիչով: Կարգավորողը կարող է ձեռքով տալ վարորդների ու հետիոտների համար հասկանալի նաև այլ ազդանշաններ:
Լուսացույցի (բացի դարձափոխայինից) կամ կարգավորողի արգելող ազդանշանի դեպքում վարորդը պետք է կանգ առնի «Կանգ-գիծ» գծանշման (կամ 6.16` «Կանգ-գիծ» նշանի) առջև, իսկ դրա բացակայության դեպքում`
1) հատվող երթևեկելի մասի առջև` հաշվի առնելով ՃԵԿ կանոնների 93-րդ կետը (Լուսացույցի թույլատրող ազդանշանի դեպքում խաչմերուկ մուտք գործած վարորդը պետք է այն ազատի նախընտրած ուղղությամբ` անկախ ելքի լուսացույցի ազդանշանից, սակայն եթե խաչմերուկում տրանսպորտային միջոցի ընթացքի ուղղությամբ տեղադրված լուսացույցներից առաջ առկա է 1.12` «Կանգ-գիծ» գծանշումը (կամ 6.16` «Կանգ-գիծ» նշաններ), նա պետք է ղեկավարվի յուրաքանչյուր լուսացույցի ազդանշաններով), խոչընդոտ չստեղծելով հետիոտների համար.
2) երկաթուղային գծանցից առաջ` ՃԵԿ կանոնների 111-րդ կետի (այն դեպքերում, երբ գծանցով երթևեկությունն արգելված է, վարորդը պետք է կանգնի 1.12` «Կանգ» գծի, 2.5` «Երթևեկությունն առանց կանգառի արգելված է» նշանի կամ լուսացույցի մոտ, եթե դրանք բացակայում են` ուղեփակոցից ոչ պակաս, քան 5 մ, իսկ եթե բացակայում է նաև ուղեփակոցը, ապա մոտակա ռելսից ոչ պակաս, քան 10 մ հեռավորության վրա) պահանջներին համապատասխան.
3) այլ վայրերում` լուսացույցի կամ կարգավորողի առջև` խոչընդոտ չստեղծելով թույլատրելի ուղղություններով երթևեկող տրանսպորտային միջոցների և հետիոտների համար:
Դեղին ազդանշանը միանալու կամ կարգավորողը ձեռքը բարձրացնելու դեպքում այն վարորդները, որոնք հնարավորություն չունեն առանց կտրուկ արգելակելու կանգնել սույն նյութի նախորդ պարբերությունում և ենթակետում նշված տեղերում, կարող են շարունակել երթևեկությունը: Այդ ազդանշանի դեպքում երթևեկելի մասի վրա գտնվող հետիոտները պետք է ազատեն այն, իսկ եթե դա հնարավոր չէ, կանգ առնեն հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը բաժանող գծի վրա:
Վարորդներն ու հետիոտները պետք է կատարեն կարգավորողի կարգադրությունների և ազդանշանների պահանջները, նույնիսկ այն դեպքերում, եթե դրանք հակասում են լուսացույցի ազդանշաններին ու ճանապարհային նշանների կամ գծանշումների պահանջներին:
Երկաթուղային գծանցներում լուսացույցի կարմիր թարթող ազդանշանի հետ միաժամանակ կարող է տրվել նաև ձայնային ազդանշան, որը երթևեկության մասնակիցներին լրացուցիչ տեղեկացնում է գծանցով երթևեկությունն արգելելու մասին: