Տվերի մարզում մասնավոր ինքնաթիռի կործանումից հետո հայտնաբերվել է տասը դի, առգրավվել են սև արկղեր, հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Գրում է РИА Новости-ն։
«Նախնական քննչական գործողությունների ընթացքում վթարի վայրում հայտնաբերվել են բոլոր զոհվածների դիերը, որոնց ինքնությունը պարզելու համար կատարվում են մոլեկուլային գենետիկական փորձաքննություններ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հստակեցվում է, որ հետաքննությունը առգրավել է թռիչքի ինքնագրիչները, ինչպես նաև իրեր ու փաստաթղթեր, որոնք կարևոր են կործանման բոլոր պատճառները պարզելու համար։ Բացի այդ, նշանակվել են անհրաժեշտ դատաբժշկական փորձաքննություններ։
«Կատարվածի բոլոր հնարավոր վարկածները մանրազնին կստուգվեն», – հավելել են մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի ԱԻՆ-ի տվյալներով՝ Տվերի մարզում՝ Կուժենկինո գյուղի մոտ, Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ թռչող Embraer Legacy մասնավոր ինքնաթիռը վթարի է ենթարկվել։
Հրապարակվել էր, որ ըստ ուղևորների ցուցակի՝ զոհվածների թվում է Եվգենի Պրիգոժինը։