Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն օգոստոսի 24-25-ը կայցելի Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, հայտնել է «ՏԱՍՍ»-ը։
«Հանդիպման ընթացքում կառավարությունների ղեկավարները նախատեսում են քննարկել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում միջնաժամկետ և երկարաժամկետ ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման հարցերը: Կողմերը կքննարկեն ԵԱՏՄ շրջանակներում իրավական մեխանիզմների հետագա կատարելագործումը, այլ երկրների հետ փոխգործակցության գոյություն ունեցող ձևաչափերի ամրապնդումը և հնարավոր գործընկերների հետ կապերի հաստատումը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ նիստն անցկացվելու է Ծաղկաձորում։ Կքննարկվեն եվրասիական ինտեգրացիային և համագործակցությանը վերաբերող արդիական մի շարք հարցեր: