Թուրքիան կոշտ նախազգուշացում է արել Ռուսաստանին Սև ծովում տեղի ունեցած միջադեպի համար

Թուրքիայի իշխանությունները նախազգուշացրել են Ռուսաստանին նախորդ շաբաթ Սև ծովի միջազգային ջրերում տեղի ունեցած միջադեպերի անթույլատրելիության մասին: Նման հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը:

Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Կիրակի Ռուսաստանը հայտնել է, որ «Վասիլի Բիկով» պարեկային նավը կրակ է բացել Պալաուայի դրոշի ներքո նավարկող «Շուքրու Օղան» առևտրային նավի ուղղությամբ այն բանից հետո, երբ նավի նավապետը չի պատասխանել ստուգման համար կանգ առնելու պահանջին: Ռուսաստանը հայտնել է, որ նավը շարժվում էր դեպի ուկրաինական Իզմայիլ նավահանգիստ: Միջադեպը տեղի էր ունեցել թուրքական ափից 60կմ հեռավորության վրա: Մոսկվան տեղի ունեցածը անվանել է «զննում»՝ նախքան նավի՝ Ուկրաինայի ափեր մեկնելը։

«Նավը հարկադրաբար կանգնեցնելու համար նախազգուշական կրակ է բացվել ավտոմատ զենքերից»,- հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։ Նախարարությունից հավելել են, որ ռուս զինվորականները, ի վերջո, բարձրացել են նավ:

«Այն բանից հետո, երբ տեսչական խումբն ավարտել է իր աշխատանքը նավի վրա, «Շուքրու Օղան» նավը շարունակել է ճանապարհը դեպի Իզմայիլ նավահանգիստ»,- հայտնել է ՌԴ ՊՆ-ն:

Թուրքական կողմի հայտարարության մեջ նշվում է, որ նավը թուրքական չէր, այլ ընդամենը պատկանում էր ազգությամբ թուրք անձի:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին «հացահատիկային գործարքից» Մոսկվայի դուրս գալուց հետո ռուս զինվորականները հայտարարեցին, որ կարող են ռազմական թիրախ համարել Սև ծովով Ուկրաինա մեկնող ցանկացած նավ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել