Բժիշկն իրավունք ունի՞ չվիրահատել անհետաձգելի վիրահատության կարիք ունեցող անձին

Վերջերս երկու քաղաքացի բանավիճում էին այն հարցի շուրջ, թե արդյո՞ք բժիշկն իրավունք ունի չվիրահատել անհետաձգելի վիրահատության կարիք ունեցող անձին, եթե նախապես չի կատարվում վիրահատության համար սահմանված վճարումը:

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները պարտավոր են յուրաքանչյուր մարդու ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և այլ հանգամանքների առկայությունից.

ՀՀ Օրենսդրությունը չի սահմանում, թե ո՞ր բժշկական օգնությունն է համարվում անհետաձգելի, հետևաբար անհետաձգելի բառը պետք է մեկնաբանել տառացի նշանակությամբ: Սակայն օրենսդրությունը սահմանում է բժշկական օգնության հասկացությունը, որը իր մեջ ներառում է ինչպես առաջնային բժշկական օգնությունը, այնպես էլ մասնագիտացված բժշկական օգնությունը, այսնինքն՝ բժշկական օգնությունը որպես ախտորոշման և բժշկական առանձնահատուկ մեթոդների ու բարդ բժշկական տեխնոլոգիաների վրա հիմնված բժշկական օգնության և սպասարկման տեսակ:

ՀՀ Քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է սահմանում հիվանդին առանց հարգելի պատճառի օգնություն ցույց չտալու համար այն անձի կողմից, ով պարտավոր էր դա ցույց տալ, եթե հիվանդի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս:
Բացի այդ, քրեորեն պատժելի է նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, եթե բուժվող հիվանդի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս կամ անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում:

Իսկ բժշկական օգնություն և սպասարկում սպասարկում իրականացնող է հանդիսանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված, բնակչությանը բժշկական օգնության և սպասարկման որոշակի տեսակներ ցուցաբերող ֆիզիկական և իրավաբանական անձը, անհատ ձեռներեցը կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունը` անկախ կազմակերպական-իրավական տեսակից և սեփականության ձևից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել