Կխրախուսվի օտարերկրացիների հոսքը Հայաստան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: 

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Օտարերկրացիների մասին» և ևս երկու օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնցով բավարար հիմք է ստեղծվում օտարերկրացիների հոսքը Հայաստան խրախուսելու, նրանց կողմից ներդրումների իրականացմանը նպաստելու համար` նշելով, որ սա շինարարության ոլորտը խթանելու ծրագրի բաղկացուցիչ մասն է, վարչապետ Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, ասել է. «2013 թ. ցուցանիշները, որոնք հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը, վկայում են, որ շինարարության ոլորտում դեռևս մտահոգիչ գործընթացներ կան: Մասնավորապես, այս պահին արձանագրել ենք ոլորտի 8.5 տոկոսանոց անկում, և տնտեսական աճի հիմնական շարժիչները գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունն են, որտեղ աճի տեմպերը մեզ բավարարում են: Բայց շինարարությունը ճգնաժամից հետո շարունակում է իր անկման միտումը, և դա առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ էլիտար բնակարանների պահանջարկը նվազել է:

Մյուս կողմից, մենք տեսնում ենք, որ պահանջարկ կա էկոնոմ դասի բնակարանների նկատմամբ, բայց առաջարկը մեծ չէ: Մենք ձեռնամուխ ենք եղել մի ծրագրի մշակման, որի նպատակն է խթանել շինարարության ոլորտի ակտիվացումը: Բազմաթիվ առաջարկություններ ենք ստացել, դրանց մի մասն արդեն օրենսդրական իրացում է ստանում, մի մասը դեռևս պետք է իրականացնենք: Օրենսդրական սույն նախաձեռնությունն այս համալիր ծրագրի տարրերից է: Եթե օտարերկրացիները Հայաստանում բնակարան են ձեռք բերում, մենք նրանց համար կարճ ժամկետում ստեղծում ենք հարմարավետ միջավայր, որպեսզի այդ մարդիկ վստահ լինեն, որ արագորեն կստանան կացության վկայական և երկիր մուտք գործելու որևէ խնդիր չեն ունենա:

Միջազգային փորձն էլ վկայում է, որ անշարժ գույքի ձեռքբերումը և կացության վկայականը միասին տալու դեպքում ավելի հարմարավետ պայմաններ են ստեղծվում համանման գործարքներին մասնակցելու համար: Բայց, իհարկե, մեր հիմնական թիրախը լինելու է այն, որպեսզի կարողանանք խթանել ՀՀ քաղաքացիների կողմից բնակարանների ձեռքբերումը»: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել