Սուրեն Օհանջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հուլիսի 26-ին հանդիպել է Աննա Մամիկոնյանին և տեղեկացել, որ վերջինս ցանկանում է որդուն Սահակ Մամիկոնյանին ընդունել տալ «Վ.Սարգսյանի» անվան ռազմական կրթահամալիր։
Սուրեն Օհանջանյանը կնոջը վստահեցրել է, որ մեծ ծանոթություն ունի և որոշակի գումարի դիմաց այդ հարցում կարող է նրան օգնել: Տուժողը համաձայնել է առաջարկությանը: Երեք ամիս շարունակ՝ 2012թ–ի հուլիսի 26-ից մինչև 2012թ-ի սեպտեմբերի 4-ը, ամբաստանյալը հիշյալ պատրվակով վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով Աննա Մամիկոնյանից մաս-մաս ստացել է խոշոր չափի ընդհանուր 530 հազար դրամ գումար և հափշտակել:
Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազությունը ամբաստանյալին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասին 2-րդ կետի հատկանիշներով:
Այսինքն՝ խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net