Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է․
«Մեծ ցավ եմ ապրում Երևան–Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ, որի հետևանքով կան մեծաթիվ զոհեր ու վիրավորներ:
Խորապես ցավակցում եմ պատահարից զոհված իմ հայրենակիցների ընտանիքներին, հարազատներին ու մերձավորներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին՝ ժամը 00։20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածում միմյանց են բախվել «Զիլ» և «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցները, որի հետևանքով վերջինիս վարորդը և 10 ուղևոր մահացել են, իսկ «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի 5 ուղևոր, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննության շրջանակներում կատարված` Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրի զննությամբ պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածում՝ դեպի Երևան քաղաքի ուղղության ուղեմասում, առաջամասերով միմյանց են բախվել հիշյալ տրանսպորտային միջոցները, որոնցից «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցը գտնվել է իր երթևեկելի ուղեմասում՝ դեպի Երևան քաղաքի ուղղությամբ, իսկ «Զիլ» մակնիշի տրանսպորտային միջոցը՝ հանդիպակաց երթևեկելի ուղեմասում՝ դեպի Գյումրի քաղաքի ուղղությամբ:
Բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի համաձայն՝ «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի վիճակը գնահատվում է ծանր և վերջինիս ցուցմունք տալը հնարավոր չէ:
Քրեական վարույթի շրջանակներում 16 անձ ճանաչվել է տուժող, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում են քննչական և դատավարական անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: