Ուկրաինայի հարձակումներն անպատասխան չեն մնա, նման բարբարոսական գործողություններն արդարացում չեն կարող ունենալ։ Այսպես, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ղրիմի կամրջի և թերակղզու վրա հարձակվելու Ուկրաինայի փորձերը։
«Նման դիվերսիաները միջազգային հանրությանը հնարավորություն են տալիս ևս մեկ անգամ համոզվելու Կիևի վարչակարգի իրական էության մեջ: Նման բարբարոսական գործողություններն արդարացված չեն, և դրանք անպատասխան չեն մնա: Մենք խստորեն դատապարտում ենք այդ ահաբեկչությունները», – ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։
Զախարովան նշել է, որ Ղրիմի կամուրջը զուտ քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտ է, որի վրա հարձակումներն անընդունելի են։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Կիևի հարձակումները հետ են մղվել։ Հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են երկու հրթիռները, կամուրջը չի վնասվել։