Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ օգոստոսի 7-ին, շարունակվում էր դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատաքննությունը։
Բարձրագույն դատական խորհուրդը 2022 թվականի հոկտեմբերի 17-ին բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունները: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։ Այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թամարա Պետրոսյանին։
Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այսօր հանրային մեղադրող Արմեն Գևորգյանը շարունակեց գրավոր ապացույցների ներկայացման փուլը։
Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացության համաձայն՝ Արուսյակ Ալեքսանյանը, զբաղեցնելով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, տեղեկացված լինելով եղբոր՝ Ռուստամ Ալեքսանյանի ընկերոջ և իր մտերիմ, փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպանյալի՝ Սերգեյ Գրիգորյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ նույն դատարանի որոշման առկայության մասին, նպատակադրվել է ապօրինի գործողություններ կատարել Գրիգորյանի օգտին և ազատել նրան կալանքից։ Նշվում է, որ վերոնշյալն իրագործելու համար դատավորը նախնական համաձայնության է եկել իր օգնականի, Թամարա Պետրոսյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակի ինքնությունը դեռևս չպարզված պաշտոնատար անձի հետ։ Մեղադրողի խոսքով՝ Արուսյակ Ալեքսանյանը կայացրել է ակնհայտ ապօրինի դատական ակտ, Սերգեյ Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխել է 2,5 միլիոն դրամ գրավով։
Դատախազը դատարանում ընթերցեց այդ շրջանում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Պողոսյանի գրությունը, որը կազմվել է 2022-ի սեպտեմբերի 21-ին։ Այն ուղղվել է ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտ։ Գրությամբ Գագիկ Պողոսյանը տեղեկացրել է, թե ինչպես է իրականացվել մակագրման գործընթացը։ Նա ԱԱԾ աշխատակցին հայտնել է, որ Սերգեյ Գրիգորյանի նկատմամբ գրավի կիրառման վերաբերյալ միջնորդությունը դատարան ստացվելուց հետո մակագրվել է Արուսյակ Ալեքսանյանին, այնուհետև դատարանի աշխատակիցը տեղեկացել է, որ Ս․ Գրիգորյանի նկատմամբ կալանքի՝ որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը քննության է առնվել դատավոր Արմեն Շիրոյանի կողմից և փորձել է ճշտել՝ արդյոք սխալմունք տեղի չի ունեցել։
«Տեղեկությունը ստանալուն պես խնդրել եմ պարզել՝ գրավի կիրառման վերաբերյալ միջնորդությունը հանձնվել է դատավոր Ալեքսանյանին, թե ոչ և հանձնված լինելու դեպքում այն հետ պահանջել՝ վերամակագրման համար։ Դրանից անմիջապես հետո միջնորդությունը մակագրվել է Արմեն Շիրոյանին։ Իմ խնդրանքը անմիջապես փոխանցվել է Աջափնյակ-1 նստավայրի գրասենյակի համապատասխան աշխատակցին, ով, իմ տեղեկությամբ, կատարել է այն, սակայն 2-րդ մակագրությունը չի ուղարկել նշված նստավայր և չի հանձնել Ա․ Շիրոյանին։ Ցանկանալով պարզել նշված հանգամանքը, դիմել եմ էլեկտրոնային մակագրության թերթիկն ուղարկելու պարտավորություն ունեցող գրասենյակի աշխատակցին, ով պատասխանել է, որ հնարավոր է՝ խիստ ծանրաբեռնվածության պատճառով է թերացել»,-նշել է Գագիկ Պողոսյանը գրությամբ մեջ։
Մակագրման վերաբերյալ գրավոր ապացույցներն ընթերցելուց հետո ամբաստանյալները և նրանց պաշտպանները հայտարարություններով հանդես եկան։ Առաջինը խոսեց Արուսյակ Ալեքսանյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանը ու հայտարարեց, որ հանրային մեղադրողի կողմից վկայակոչված փաստաթղթերը ո՛չ իրավական, ո՛չ դատավարական նշանակություն չունեն։
«ԲԴԽ-ի՝ այդ ժամանակ գործած իրավական ակտերը բավական հստակ նախատեսել են դատավորին գործը մակագրելու, ինչպես նաև դատավորից գործը, այսպես ասած, հետ պահանջելու իրավակարգավորումները, որոնք ոչ մի պարագայում չեն հանգում նրան, որ, նախ, դատարանի նախագահը այս միջնորդությունը պարտադիր պետք է Արմեն Շիրոյանին մակագրեր, իսկ եթե նրան չի մակագրել, սխալ է թույլ տվել։ Հետևաբար՝ Արուսյակ Ալեքսանյանը պարտավոր էր այդ գործը վերադարձնել Գագիկ Պողոսյանին, որպեսզի այն վերամակագրվեր»,-նշեց Անդրանիկ Մանուկյանը՝ պնդելով, որ խորհրդի համապատասխան որոշմամբ սպառիչ թվարկված են այն դեպքերը, երբ դատարանի նախագահն իրավունք ունի դատավորին մակագրված միջնորդությունը վերցնել և մակագրել մեկ այլ դատավորի։
Փաստաբանը նաև նշեց՝ պարտադիր չէր, որպեսզի Սերգեյ Գրիգորյանի վերաբերյալ միջնորդությունը քններ դատավոր Արմեն Շիրոյանը․ «Այն չի հանդիսացել անհապաղ քննության ենթակա միջնորդություն»։
Այնուհետև հայտարարությամբ հանդես եկավ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։ Նա նշեց, որ դեռևս նախնական դատալսումների ժամանակ մեղադրանքի կողմին 4 հարց է հղել, որոնց պատասխանը դեռևս չի ստացել․
- Արդյո՞ք կալանքը վերացնելու կամ այլընտրանքային խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը հանդիսանում է անհապաղ քննության ենթակա (Արուսյակ Ալեքսանյանի խոսքով՝ ոչ-խմբ․)։
- Արդյո՞ք անհապաղ քննության ենթակա միջնորդությունը ենթակա է ձեռքով մակագրման (Արուսյակ Ալեքսանյանի խոսքով՝ ոչ-խմբ․)։
- Ձեռքով մակագրելուց հետո արդյո՞ք դատարանի նախագահը իրավասու էր այն հետ պահանջել (Արուսյակ Ալեքսանյանի խոսքով՝ ոչ-խմբ․)։
- Արդյո՞ք Արուսյակ Ալեքսանյանը, որպես դատավոր, պարտավորված էր տվյալ միջնորդությունը վերադարձնել, եթե դատարանի նախագահը այն պահանջեր (Արուսյակ Ալեքսանյանի խոսքով՝ ոչ-խմբ․)։
«Ինձ վերագրվում է լիազորությունների անցում։ Ինձ թվում է՝ առաջին կուրսի ուսանողը քաջատեղյակ է, որ լիազորություններն անցնելու համար դրանք պետք է որոշակի իրավական ակտերով սահմանված լինեն։ Այս պարագայում մեղադրանքի որոշման մեջ չի նշվում գեթ մեկ իրավական ակտ, իրավական դրույթ, որոնցով ես իմ լիազորությունները անցել եմ։ Մեղադրանքի կողմը նշում է ինչ-որ պայմանավորվածության մասին, որը ձեռք է բերվել իմ և դատարանի նախագահի, Աջափնյակ-1 նստավայրի դատավորների կողմից։ Բայց ես նշել եմ, որ նման պայմանավորվածություն չի եղել, ես նման պայմանավորվածությունը որևէ մեկի հետ ձեռք չեմ բերել, նման պայմանավորվածության մասնակից չեմ եղել»,-նշեց Արուսյակ Ալեքսանյանը՝ հավելելով, որ եթե անգամ նման պայմանավորվածություն լիներ, ապա դրանցից շեղումը քրեական պատասխանատվություն չպետք է ենթադրեր։
Հաջորդիվ դատարանում խոսեց ամբաստանյալ Էրիկ Ալեքսանյանը՝ նշելով, որ բոլորին հայտնի է, թե որն է մեղադրանքի բովանդակությունը։ Նշվում է, որ Արուսյակ Ալեքսանյանն անցել է իր լիազորությունները, քանի որ Սերգեյ Գրիգորյանի վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու ժամանակ չի եղել օրենքի հիման վրա ստեղծված դատարան։
Ամբաստանյալը ևս մեկ անգամ ընդգծեց․ վերամակագրման թերթիկը Արմեն Շիրոյանի կազմ չի հասել, անգամ չի ուղարկվել Աջափնյակ-1 նստավայր։
«Այդ վերամակագրման թերթիկը, դե յուրե, պետք է հասած լիներ համապատասխան դատարանի դատավորի աշխատակազմ։ Այս դեպքում՝ Արմեն Շիրոյանի, որպեսզի վերջինս ստանձներ լիազորություն միջնորդությունը քննելու համար, ինչպես նաև Արուսյակ Ալեքսանյանի կազմ, որպեսզի վերջինս ունենար լեգիտիմ իրավունք և պարտականություն՝ միջնորդությունը զեկուցագրով գրասենյակ հետ հանձնելու համար»,-հայտարարեց Էրիկ Ալեքսանյանը։
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ դատարանի նախագահը բանավոր պահանջով, հեռախոսազանգի միջոցով է հետ պահանջել Արուսյակ Ալեքսանյանին մակագրված միջնորդությունը․ «Ունեմ համապատասխան փաստաթութղթը, ունեմ համապատասխան ապացույցը, որ այս հարցի վերաբերյալ միանշանակ պատասխան է տալիս․ արդյո՞ք առաջին ատյանի դատարանի նախագահը իրավունք ունի դատարանի որևէ դատավորից բանավոր կերպով հետ պահանջել որևէ տեսակի միջնորդություն»։
Էրիկ Ալեքսանյանի այս հայտարարությունից հետո կրկին խոսելու ցանկություն հայտնեց ամբաստանյալ Արուսյակ Ալեքսանյանը։ Նա նշեց, որ որևէ պարտականություն չի ունեցել այդ միջնորդությունը վերադարձնել դատարանի նախագահին, որովհետև նման պարտականություն օրենսդրությամբ սահմանված չէ։
Արուսյակ Ալեքսանյանի խոսքով՝ վերամակագրումը Աջափնյակ-1 նստավայր չի հասել, դա բոլորին է հայտնի․ «Չկա գեթ մեկ անձ, որ ցուցմունք տված լինի այն մասին, որ ես կամ իմ կազմից ինչ-որ մեկն այդ «չհասնելու» հետ որևէ կապ ունի։ Ուզեցել են ինչ-որ բան սարքեն, շատ անգրագետ, շատ շարքային ձևով են սարքել։ Այս գործը երկար չի դիմանա, ինչքան էլ Դուք (նախագահ դատավորը-խմբ․) կամ մեղադրանքի կողմը ձգձգեք, չեն կարող այս շինծու երևույթները երկար գնալ»։
Այնուհետև նախագահող դատավոր Վահե Դոլամզյանն անդրադարձավ ամբաստանյալի վերջին հայտարարությանը, որը վերաբերում էր դատական նիստերը ձգձգելուն։ Ամբաստանյալը նշեց, որ «ձգձգելու» հանգամանքը պայմանավորված է շուրջ 6 ամիս նախնական դատալսումներով, ինչպես նաև սկզբում վկաներին հարցաքննելու փաստաբանների միջնորդությունը չբավարարելով․ «Այս ամենը ես կապում եմ ձգելու հետ։ Որքան հնարավոր է ձգում եք, որպեսզի ես մնամ կալանքի տակ»։
Դատավորը նշեց՝ ձևական դատական նիստեր տեղի չեն ունեցել, բացի այդ՝ դատավորը միշտ հայտարարություններով հանդես գալու հնարավորություն է տալիս բոլոր կողմերին, այդ թվում՝ ամբաստանյալի բոլոր փաստաբաններին, եթե նրանք ներկա են լինում նիստերին։ Արուսյակ Ալեքսանյանը արձագանքեց․ նա հայտարարեց, որ իր պաշտպանները չեն չարաշահում իրենց լիազորությունները․ «Եղել են շատ «ըստ էության», կարճ, լակոնիկ։ Իրենց մասնագիտական գործունեությունը իրականացնելը մի դիտարկեք․․․այսինքն, ձևական նիստեր ենք անո՞ւմ։ Գանք տենց արագ-արագ հրապարակենք, մենք էլ ասենք՝ ինչ ասում եք, ճիշտ եք ասում»։
Արուսյակ Ալեքսանյանի փաստաբան Անդրանիկ Մանուկյանը դատարանին խնդրեց իր պաշտպանյալի հուզական թվացող հարցադրումներին ըմբռնումով մոտենալ, քանի որ վերջինս երկար ժամանակ է՝ անազատության մեջ է։
Այնուհետև խոսքը տրամադրվեց հանրային մեղադրող Արմեն Գևորգյանին։ Նա նշեց, որ չի կիսում պաշտպանական կողմի դիրքորոշումները․ «Նախ, ուզում եմ շնորհավորել պարոն Էրիկ Ալեքսանյանին։ Նախնական դատալսումների ընթացքում նրա համար մեղադրանքի էությունը և բովանդակությունը հասկանալի չէր։ Ուզում եմ շնորհավորել․ փաստորեն արդեն մեղադրանքի էությունը և բովանդակությունը պարզ դարձան պարոն Ալեքսանյանի համար»։
Դատախազն անդրադարձավ նաև Արուսյակ Ալեքսանյանի հուզական վիճակին և նշեց, որ ամբաստանյալի այսօրվա հայտարարությունները նա կապում է ոչ այնքան դրա հետ, այլ նրա գործունեության բնույթի և ուղղվածության հետ։
«Արուսյակ Ալեքսանյանը խոսում է «գործ սարքելու», «շինծու մեղադրանքի» մասին։ Ինձ համար հասկանալի է, թե ինչու է նման ձևակերպումներ տալիս, հաշվի առնելով, թե իր կողմից կայացված դատական ակտին ինչպիսի գնահատական են տվել ոչ միայն մեղադրանքի կողմը, այլ նաև վերադաս դատական ատյանները։ Նաև հասկանալի է, թե ինչու է անգրագիտությունից խոսում։ Փաստաթղթերում հիմնավորված է, թե ինչպիսի «գրագիտությամբ» է գործել Արուսյակ Ալեքսանյանի կազմը»,-նշեց Արմեն Գևորգյանը։
Հանրային մեղադրողը ևս մեկ անգամ հորդորեց կողմերին ուշադիր լինել արտահայտություններ անելիս, կողմերին նման կոչով դիմեց նաև դատավորը։
Դրան ցանկացավ արձագանքել Էրիկ Ալեքսանյանը, սակայն դատավորը թույլ չտվեց նրան հայտարարությամբ հանդես գալ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան