Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգոստոսի 2-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Թուրքիայի նախագահականի տարածած հաղորդագրության համաձայն՝ երկու երկրի ղեկավարները համաձայնության են եկել Պուտինի՝ Թուրքիա այցի հարցում։
Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը նախ շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ Թուրքիայում անտառային հրդեհների դեմ պայքարի համար ՌԴ կողմից ուղարկված 2 միավոր հրդեհաշեջ ինքնաթիռի համար: Ապա գոհունակություն է հայտնել Թուրքիայի նկատմամբ ռուս զբոսաշրջիկների աճող հետաքրքրության համար:
Էրդողանն անդրադարձել է նաև Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությանը, ինչի շրջանակներում էլ ընդգծել է այն ավելի լարող քայլերից խուսափելու անհրաժեշտության մասին:
Նա նաև կարևորել է սևծովյան նախաձեռնությունը՝ այն բնորոշելով «խաղաղության կամուրջ» և ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ որևէ մեկի օգտին չի ծառայելու սևծովյան նախաձեռնության երկարաժամկետ դադարեցումը:
Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ վնասը կրելու են հացահատիկի կարիք ունեցող և ցածր եկամտաբերությամբ երկրները:
Իսկ վերջում հավելել, որ սևծովյան նախաձեռնության վերստին կյանքի կոչման նպատակով շարունակելու է գործադրել ակտիվ ջանքեր և դիվանագիտություն։
Նշենք, որ հացահատիկի գները, որոնք նախաձեռնության իրականացման ժամանակ նվազել էին 23 տոկոսով, վերջին երկու շաբաթվա ընթացքում (Համաձայնագրից Ռուսաստանի դուրս գալուց հետո) աճել են 15-ով։