Երբ գողության փորձ են կատարում ոստիկանները. հայտնի գործի մանրամասները

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության աշխատակիցների` ոսկերչական խանութից առանձնապես խոշոր չափերի գողության փորձ կատարելու դեպքի առիթով ՀՀ ՔՕ 34-177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՔԾ-ի փոխանցմամբ` նախաքննությամբ պարզվել է, որ 2013 թվականի օգոստոսի 5-ին` ժամը 04.20-ի սահմաններում, ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ, ոստիկանության կապիտան Հրայր Քալաշյանը հափշտակություն կատարելու շուրջ, նախնական համաձայնության գալով նույն բաժանմունքի ավագ օպերլիազոր, ոստիկանության կապիտան Արտակ Բաղդասարյանի հետ, նախապես իրենց հետ վերցնելով դիմակավորված գողություն կատարելու համար հարմարեցված սպորտային գլխարկներ, մուրճ և այլ առարկաներ, գնացել են Գյումրի քաղաքի Խաղաղության օղակ 8 հասցեում գտնվող «Ռուբին» ոսկերչական սրահ: Նրանք մուրճով և կացնով կոտրել են սրահի մուտքի դռների ապակիները, մտել վաճառասրահ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցավոր մտադրությունն ավարտին չեն հասցրել, քանի որ տաղավարներում զարդեր չեն եղել, միաժամանակ, նկատելով տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության տարբերանշանով ավտոմեքենա, դիմել են փախուստի, սակայն բռնվել են ոստիկանության աշխատակիցների կողմից ու բերման ենթարկել ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին: Մեղադրյալներ Հրայր Քալաշյանի և Արտակ Բաղդասարյանի նկատմամբ քրեական գործի մինչդատական վարույթում խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունն ավարտած քննիչը այն մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել