Փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք:
Սովորաբար փոխատուն նման դեպքերում իրավասու չէ վերահսկել տրված գումարի և(կամ) գույքի օգտագործումը, իրավասու չէ, եթե կնքվել է սովորական փոխառության պայմանագիր:
«Եթե փոխառության պայմանագիրը կնքված է փոխառուի կողմից ստացված միջոցները որոշակի նպատակների համար օգտագործելու պայմանով (նպատակային փոխառություն), փոխառուն պարտավոր է ապահովել փոխառության գումարի նպատակային օգտագործման նկատմամբ փոխատուի վերահսկողության հնարավորությունը»,-Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:
Փոխառուի կողմից փոխառության գումարի նպատակային օգտագործման մասին փոխառության պայմանագրի պայմանը չկատարելու, ինչպես նաև օրենքով նախատեսված պարտականությունները խախտելու դեպքում փոխատուն իրավունք ունի փոխառուից պահանջել վաղաժամկետ վերադարձնելու փոխառության գումարը և վճարելու հասանելիք տոկոսները, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: