Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեաշխավորում է, որ «Վագներ» ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինը կկարողանա Ռուսաստանից գնալ Բելառուս։
Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Գրում է ТАСС լրատվական գործակալությունը։
«Եթե դուք հարցնեք՝ հատկապես ինչ երաշխիք է տվել նախագահը, որ Եվգենի Պրիգոժինը կկարողանա Ռուսաստանից մեկնել։ Այդ երաշխիքը նախագահի խոսքն է»,-ընդգծել է Պեսկովը։
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Եվգենի Պրիգոժինը բանակցությունների արդյունքում համաձայնության եկավ Ռուսաստանի տարածքում արյունալի ջարդ սանձազերծելու անթույլատրելիության վերաբերյալ։ Եվգենի Պրիգոժինն ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնել «Վագներ» ռազմական խմբավորման զինված անձանց տեղաշարժը Ռուսաստանում և հետագա քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար։
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ հունիսի 24-ի վաղ առավոտյան, Դոնի Ռոստովի կենտրոնում տանկեր են հայտնվել․ դրանք «Վագներ» ռազմական խմբավորման անդամներ են։ «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ ՌԴ ԶՈՒ-ն ավիահարվածներ է հասցրել իրենց, քանի որ Շոյգուն ու ռազմական ղեկավարությունը ուզում էին իրեն ոչնչացնել` բանակում ու ռազմագոտում առկա խնդիրները բարձրաձայնելու համար։
ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունից հայտնել են, որ Պրիգոժինի հայտարարություններն ու գործողությունները, ըստ էության, կոչեր են՝ սկսելու զինված քաղաքացիական հակամարտություն Ռուսաստանի Դաշնության տարածքում և կոչ արել հրաժարվել Պրիգոժինի հրամանները կատարելուց, ինչպես նաև նպաստել նրա կալանավորմանը։
Հայտարարությամբ է հանդես եկել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ կատարվածը որակելով դավաճանություն և հարված թիկունքից․ «Յուրաքանչյուր ոք, ով միտումնավոր բռնել է դավաճանության ճանապարհը, ով պատրաստել է ռազմական խռովության, բռնել է խռովության և ահաբեկչական մեթոդների ուղին, անխուսափելի պատիժ է կրելու, պատասխան է տալու օրենքի և մեր ժողովրդի առաջ»։