Մեդվեդև. Ռուսաստանը թույլ չի տա, որ միջուկային զենքը հայտնվի հանցագործների մոտ

Միջուկային զենքի ամենամեծ զինանոցը դեռ երբեք չի եղել հանցագործների վերահսկողության տակ, աշխարհը կհասցվի կործանման եզրին, Ռուսաստանի իշխանությունները թույլ չեն տա, որ իրադարձություններն ընթանան նման սցենարով, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Գրում է РИА Новости-ն։

«Մենք հասկանում ենք պետական ​​հեղաշրջման հետևանքները խոշորագույն միջուկային տերությունում։ Մարդկության պատմության մեջ նման բան չի եղել, որ միջուկային զենքի ամենամեծ զինանոցը գտնվի հանցագործների վերահսկողության տակ։ Նման ճգնաժամն ակնհայտորեն չի սահմանափակվելու մեկ երկրով։ Աշխարհը կհասցվի կործանման եզրին»,- ասել է նա։

«Մենք թույլ չենք տա, որ իրադարձությունները ընթանան նման սցենարով: Ինչքան էլ խելագար հանցագործներն ու նրանց երկրպագուները ցանկանան»,- հավելել է Մեդվեդևը:

Ինչպես արդեն հայտնել ենք,  այսօր՝ հունիսի 24-ի վաղ առավոտյան, Դոնի Ռոստովի կենտրոնում տանկեր են հայտնվել․ դրանք «Վագներ» ռազմական խմբավորման անդամներ են։ «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ ՌԴ ԶՈՒ-ն ավիահարվածներ է հասցրել իրենց, քանի որ Շոյգուն ու ռազմական ղեկավարությունը ուզում էին իրեն ոչնչացնել` բանակում ու ռազմագոտում առկա խնդիրները բարձրաձայնելու համար։

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունից հայտնել են, որ Պրիգոժինի հայտարարություններն ու գործողությունները, ըստ էության, կոչեր են՝ սկսելու զինված քաղաքացիական հակամարտություն Ռուսաստանի Դաշնության տարածքում և կոչ արել հրաժարվել Պրիգոժինի հրամանները կատարելուց, ինչպես նաև նպաստել նրա կալանավորմանը։

Հայտարարությամբ է հանդես եկել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ կատարվածը որակելով դավաճանություն և հարված թիկունքից․ «Յուրաքանչյուր ոք, ով միտումնավոր բռնել է դավաճանության ճանապարհը, ով պատրաստել է ռազմական խռովության, բռնել է խռովության և ահաբեկչական մեթոդների ուղին, անխուսափելի պատիժ է կրելու, պատասխան է տալու օրենքի և մեր ժողովրդի առաջ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել