Եվգենի Պրիգոժինը մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կոչը, ով իր կողմից սկսված ռազմական խռովությունն անվանել է դավաճանություն։ Այս մասին գրում է Meduza-ն։
«Հայրենիքի դավաճանության հարցում նախագահը խորապես սխալվել է. Մենք մեր հայրենիքի հայրենասերներն ենք, մենք կռվել ենք և կռվում ենք․ «Վագների» բոլոր մարտիկները։ Եվ ոչ ոք չի պատրաստվում հանձնվել նախագահի, ԱԴԾ-ի կամ որևէ մեկի խնդրանքով։ Որովհետև մենք չենք ուզում, որ երկիրն ապրի կոռուպցիայի, խաբեության և բյուրոկրատիայի մեջ»,-ասել է նա:
Պրիգոժինը չի մեկնաբանել խռովության մասնակիցներին պատասխանատվության ենթարկելու Պուտինի խոստումը։
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ հունիսի 24-ի վաղ առավոտյան, Դոնի Ռոստովի կենտրոնում տանկեր են հայտնվել․ դրանք «Վագներ» ռազմական խմբավորման անդամներ են։ «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ ՌԴ ԶՈՒ-ն ավիահարվածներ է հասցրել իրենց, քանի որ Շոյգուն ու ռազմական ղեկավարությունը ուզում էին իրեն ոչնչացնել` բանակում ու ռազմագոտում առկա խնդիրները բարձրաձայնելու համար։
ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունից հայտնել են, որ Պրիգոժինի հայտարարություններն ու գործողությունները, ըստ էության, կոչեր են՝ սկսելու զինված քաղաքացիական հակամարտություն Ռուսաստանի Դաշնության տարածքում և կոչ արել հրաժարվել Պրիգոժինի հրամանները կատարելուց, ինչպես նաև նպաստել նրա կալանավորմանը։
Հայտարարությամբ է հանդես եկել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ կատարվածը որակելով դավաճանություն և հարված թիկունքից․ «Յուրաքանչյուր ոք, ով միտումնավոր բռնել է դավաճանության ճանապարհը, ով պատրաստել է ռազմական խռովության, բռնել է խռովության և ահաբեկչական մեթոդների ուղին, անխուսափելի պատիժ է կրելու, պատասխան է տալու օրենքի և մեր ժողովրդի առաջ»։